ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հերթական դեպքը: Պարզվել է, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող «Եռանավ» և «Խաչ 9» ՍՊ ընկերությունները 2015-2018թթ. ընկած ժամանակահատվածում վաճառված բնակարանների վերաբերյալ կնքված առուվաճառքի պայմանագրերում իրական արժեքներից տարբերվող՝ ավելի ցածր գումարներ են ներառել, ինչի արդյունքում հարկային մարմին ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում չեն արտացոլվել ընկերությունների իրացման շրջանառության իրական ծավալները՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ ավելի քան 350 միլիոն ՀՀ դրամի վնաս:
Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: ՊԵԿ քննչական վարչության քննիչների կողմից կատարված բազմածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիմնովին բացահայտվել են ընկերությունների կողմից վաճառված բնակարանների իրական արժեքները:
Բավարար ապացույցների համակցությամբ մեղադրանքներ են առաջադրվել «Եռանավ» և «Խաչ 9» ՍՊ ընկերությունների ղեկավար անձանց և նախաքննության ընթացքում գործով վկաների վրա անօրինական ազդեցություն գործելու, քրեական գործի համար նշանակություն ունեցող նյութերը կեղծելու հիմքով՝ վերջիններս կալանավորվել են:
Ընկերությունների ղեկավար անձանց կողմից ընդունվել են հարկերից խուսափելու փաստը, ինքնակամ հարկային մարմին են ներկայացվել ճշգրտված հաշվարկ-հաշվետվություններ, ինչի արդյունքում առաջացրել ավելի քան 425 միլիոն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, որից պետական բյուջե է վերականգնվել արդեն 335 միլիոն ՀՀ դրամը: Պետությանը պատճառված վնասի մեծ մասը վերականգնելու և առաջացրած լրացուցիչ հարկային պարտավորությունները վերականգնելու բավարար երաշխիքների առկայության պայմաններում ընկերության ղեկավար անձանց նկատմամբ փոփոխվել է ընտրված խափանման միջոց կալանավորումը, վերացվել բանկային հաշիվների նկատմամբ կիրառված սահմանափակումները: