Կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 20-ի նիստում որոշում կայացվեց թույլատրել «Սպայկա» ՍՊԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
«Սպայկա»-ի կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են գյուղմթերքի վերամշակման մեջ։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։
Նշվում է, որ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես արդյունք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում իրականացնել 28 մլրդ ՀՀ դրամի ներդրում, որից 4,2 մլրդ ՀՀ դրամ՝ սեփական միջոցներից, 23,8 մլրդ ՀՀ դրամ՝ վարկային միջոցներից:
Ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծվել է 1600 աշխատատեղ՝ 190 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Նախատեսվում է ստեղծել 300 նոր աշխատատեղ՝ 200 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։
Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալն առաջին տարում կկազմի 45 մլրդ դրամ, որից 15 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 25 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը՝ ԵՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 5 մլրդ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։