Հայաստանի Հանրապետության կառավարությունը «ԲԱԼԱԲԵԿՅԱՆ ԱԳՐՈ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգեց երեք տարի ժամկետով:
Այսպիսի որոշում կայացվեց գործադիրի հունվարի 24-ի նիստում:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ ընկերությունը Կոտայքի մարզի Արզական գյուղում հիմնում է ժամանակակից, ինտենսիվ պտղատու այգի:
«Սա ընթացքի մեջ գտնվող ներդրումային ծրագիր է: Մինչ այժմ հաստատված էր, որ ապրանքների ու սարքավորումների արժեքը պետք է կազմի 14 մլն 313 հազար դրամ, սույն փոփոխությամբ առաջարկվում է այդ գումարը դարձնել 33 մլն 249 հազար 767 դրամ: Կազմակերպությունը Արզական գյուղում 8 հա հողատարածքի վրա հիմնում է ժամանակակից ինտենսիվ պտղատու այգի: Այս փոփոխությամբ 18,9 մլն դրամ ընդհանուր արժեքով սարքավորումների և այլ անհրաժեշտ պարագաների ԱԱՀ-ն կհետաձգվի երեք տարով»,- ասաց Խաչատրյանը:
Նախարարը նշեց, որ ընկերությունը նպատակադրված է կատարել շուրջ 120 մլն դրամի չափով ներդրումներ, որոնք պետք է իրականացվեն մի քանի փուլերով: Նախատեսվում է երեք տարում ստեղծել 15 աշխատատեղ՝ միջինը 90 հազար դրամ աշխատավարձով: