Պետական եկամուտների կոմիտեն հրապարակեց 2018թ. երրորդ եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը, որում մի շարք ուշագրավ փոփոխություններ են տեղի ունեցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հրապարակված ցանկի համեմատ:

Այսպիսով՝ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն նախորդ տարվա համեմատ աննախադեպ աճ է գրանցել՝ 161-րդ հորիզոնականից անցնելով 17-րդին: Հատկանշական է, որ «Արմենիան Քափըր Փրոգրամն» առավել հայտնի է «Վալլեքս» անվանմամբ. սրա մեջ մտնում են Լոռու մարզի Ալավերդի քաղաքում գործող պղնձաձուլական գործարանն ու պղնձի հանքը: Ի դեպ՝ ամիսներ առաջ Ալավերդու պղնձաձուլական գործարանը դադարեցրեց իր գործունեությունը ծանր հարկերի և ՎՏԲ բանկի առջև ունեցած վարկային պարտավորությունների պատճառով և, փաստացի, 600-ից ավել քաղաքացիներ դարձան գործազուրկ: 

«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն ևս աննախադեպ տեղաշարժ է կատարել՝ 37-ից անցնելով 12-րդի և այս տարի վճարել է 7 մլրդ 846 մլն 654 հազար դրամի հարկ: Նշենք, որ ՀՀ ԱԱԾ-ն կոռուպցիայի եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարին ուղղված՝ իր գործունեության շրջանակներում հանցավոր սխեմա է հայտնաբերել «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ում, որից հետո ընկերության տնօրենին պարտավորեցրին չվճարված 7 մլն դոլարը  որոշակի ժամկետում փոխանցել պետբյուջե:

Առավել ուշագրավ է նաև ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Ալեքս Հոլդինգ»-ի անդրդվելիությունը, քանի որ ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի, այն զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը և պետական բյուջե է վճարել 13 մլրդ 966 մլն 8 հազար դրամի չափով հարկ։ Սակայն, սա արվում է  այն դեպքում, երբ այս տարվա մայիսին Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություններ էր իրականացրել «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ տարածքում և միլիոնների շարաշահումներ էր հայտնաբերել: Այս ամենը տարօրինակ է այնքանով, որ ստացվում է «Ալեքս հոլդինգի» հարկային սխեման կա՛մ նախորդ տարի ուռճացված է եղել, կա՛մ էլ այս տարի ավել հարկ չի վճարել՝ ի հեճուկս հայտնաբերված չարաշահումների: