Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների աշխատակիցներն այսօր՝ դեկտեմբերի 21֊ին, վաղ առավոտից հավաքվել են նախարարությունների շենքի դիմաց և գործադուլ են իրականացնում։
 
Պատճառը կառավարության այն որոշումն է, ըստ որի՝ նախատեսվում է օպտիմալացման հետևանքով միացնել մի քանի նախարարություններ: Աշխատակիցները գտնում են, որ սա սխալ որոշում է և չեն ուզում կորցնել իրենց աշխատանքը:
 
«Մշակույթի նախարարությունը կարևոր է մեզ համար, և հարցը այստեղ ոչ այնքան աշխատանքը կորցնելն է, որքան որ առհասարակ մշակույթն ունի ռազմավարական նշանակություն։ Խնդիրը ոչ միայն մեզ՝ աշխատակիցներիս մոտ է դժգոհություն առաջացրել, այլև մի շարք մշակութային գործիչների»,֊ ասաց Մշակույթի նախարարության աշխատակիցը՝ նշելով, որ իրենք դեմ են նախարարությունների միացմանը։ 
 
«Մշակույթի նախարարության ներսում մասնագետների տարիներով պայքարի ձայնը պետք է լսելի լինի իշխանությունների համար և ոչ թե մասնագետներին ճնշելով՝ առաջ տանեն քաղաքական որոշումներ»,֊ ասում էին Մշակույթի նախարարության աշխատակիցները։
 
Սփյուռքի նախարարության աշխատակիցն էլ նշեց՝ հաշվի չեն առել աշխատակիցների կարծիքը և հայտնի չէ, թե ինչ է լինելու նրանց ճակատագիրը. «Ես կարծում եմ, որ պետք է հաշվի առնեն նաև սփյուռքում գտնվող մեր հայրենակիցների կարծիքը»։
  
Նախարարությունների աշխատակիցները ստորագրահավաք իրականացրին և շարժվեցին դեպի կառավարություն՝ հույս հայտնելով, որ խելամիտ որոշում կկայացվի։