«Փաստ» օրաթերթը գրում է. «Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հասմիկ Տոլմաջյանը դեսպան է նշանակվել 2018թ. մայիսին:
Հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է բնակարան և առանձնատուն: Շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:
Նորանշանակ դեսպանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 60 000 շվեյցարական ֆրանկ:
2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 1,828 շվեյցարական ֆրանկ, որը գոյացել է աշխատավարձից:
Հավելենք, որ 2014 –2018թթ. Հասմիկ Տոլմաջյանը եղել է Շվեյցարիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, ինչպես նաև եղել է ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալը: Ավելի վաղ՝ 2008-2014թթ., նա եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի օգնականը, իսկ 2004-2008թթ. ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության երկրորդ, այնուհետև՝ առաջին քարտուղար:
Դիվանագիտական կորպուսում է 1995թ.-ից»: