Նոր մանրամասներ են հայտնի դարձել դեկտեմբերի 28-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական վթարից:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածներ են Լոռու մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչ, 23-ամյա Աշոտ Գևորգյանը, Աբովյան քաղաքի բնակիչ, 25-ամյա Մելինե Օհանյանը, և Լոռու մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչ, 23-ամյա Նելսոն Թադևոսյանը:

 
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածներից Աշոտ Գևորգյանն ու Մելինե Օհանյանը նորապսակներն էին:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում՝ գյուղի գլխավոր մուտքի մոտ, բախվել են Opel մակնիշի NG 671 համարանիշի և Газель մակնիշի 32 34 Տ համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն։ Բոլոր վիրավորներին օգնության են հասել քաղաքացիները։

Ավելի ուշ հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ վիրավորներից 3-ը մահացել են։