Փետրվարի 20-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, Աբովյան-Արզնի խճուղում իրար են բախվել «ԲՄՎ X5» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «ԲՄՎ»-ն բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդ 45-ամյա Վաչագան Պետրոսյանը և չորս ուղևորները՝ 39-ամյա Արմինե Պետրոսյանը, 16-ամյա Վահե Պետրոսյանը, 64-ամյա Գյուլնարա Պետրոսյանը և 34-ամյա Մելինե Գասպարյանը, մահացել են, իսկ 14-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի վայրում ոստիկանության ծառայողներին է ներկայացել 53-ամյա մի տղամարդ և հայտնել, որ ինքն է «ԲՄՎ X5»-ի վարորդը։
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վթարի ժամանակ «ԲՄՎ X5»-ի ղեկին եղել է 29-ամյա այլ տղամարդ, որը փետրվարի 21-ին՝ ժամը 04.30-ին, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին, ապա ներկայացվել նախաքննությունն իրականացնող մարմնին, տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:
Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ տեսախցիկն արձանագրել է Աբովյանում ողբերգական ավտովթարի պահը. պարզվել է՝ BMW X5–ի իրական վարորդի ինքնությունը: