Հոկտեմբերի 1-ին, Երևանի Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչՄանվել Մուրադյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակների դատաբժշկական, որպեսզի պարզվի, արդյոք վարորդն ու ուղևորները սթափ են եղել, թե՝ ոչ: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած անձիք ցանկացել են այցելել Նուբարաշենի խճուղու վրա գտնվող գերեզմանատուն՝ իրենց ազգականի գերեզման, ու բեռնախցիկում էլ օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել էր ծաղիկներ: Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ հոկտեմբերի 1-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: SHAMSHYAN .com-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ նշված քրգործը հարուցվել է հոկտեմբերի 1-ին գիշեր, ժամը 01:00-ի սահմաններում Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղու վրա գտնվող «Որսորդ» հրաձգարան-ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով: Ֆոտոլրագրողը նաև հայտնել էր, որ Մ. Մուրադյանի գլխավորությամբ քննչական խումբը պարզել է մահացածների՝ վարորդի և 3 ուղևորների ինքնությունը. վարորդը եղել է Երևան քաղաքի Էրեբունի 11 շենքի բնակիչ, 38-ամյա Սահակ Զորյանը, իսկ ուղևորները՝ Երևան քաղաքի Դիմիտրով 38 տան բնակիչ, 40-ամյա Արտակ Գևորգյանը, Նոր Արեշ 8-րդ փողոցի բնակիչ, 31-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը և Ավան վարչական շրջանի Աճառյան 2/1 շենքի բնակիչ, 36-ամյա Կարինե Անտոնյանը: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վարորդը՝ Ս. Զորյանը, աշխատում էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում ՝ որպես տեղամասի պետ, ուղևորները՝ Ա. Գևորգյանը, Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի էր, իսկ Հ. Հովհաննիսյանի հայրը՝ Ռազմիկ Հովհաննիսյանը, երկար տարիներ աշխատել է՝ որպես ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետի տեղակալ: Դեպքի մանրամասները կարող եք դիտել հոկտեմբերի 6-ին, «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարում: