Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքում քննիչ Հայկ Հակոբյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ հոկտեմբերի 20-ին, Երևան–Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:

 

Նաիրիի ոստիկանները պարզել են, որ վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ 48-ամյա Արթուր Հակոբյանը, ով վարել է ВАЗ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենան:

 

Հիվանդանոց են տեղափոխվել նաև Երևան քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի բնակիչ Էդուարդ Հակոբյանը, նույն փողոցի բնակիչ Տաթևիկ Հակոբյանը, Աշտարակ քաղաքի բնակիչներ, 43-ամյա Հայկ Հակոբյանը, 21-ամյա Էմմա Հակոբյանը և Էդգար Հակոբյանը: Հիվանդանոց է տեղափոխվել նաև Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցի բնակիչ 54-ամյա Վարդան Պետրոսյանը:

 

Ստացած մարմնական վնասվածքներից Էդգար Հակոբյանը Արմենիա բժշկական կենտրոնում մահացել է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօր առավոտյան Արմենիա բժշկական կենտրոնում մահացել է նաև Էդուարդ Հակոբյանը: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հայտնի ու սիրված դերասան Վարդան Պետրոսյանը վերադառնում էր նկարահանումներից:

 

Ավտովթարից հետո Վ. Պետրոսյանին տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ նրան այսօր առավոտյան վիրահատել են, և նրա կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում:

 

Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և ВАЗ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնել էր Գ. Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ. 3 հոգի՝ Եղվարդի բժշկական կենտրոն, 3 հոգի՝ «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ 1 հոգի՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Նիկողայոս Եղիազարյանի գլխավորությամբ:

 

Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս էին բերել Նաիրիի հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները: Դեպքի վայրում աշխատում էին ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ Նաիրիի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի և նույն բաժնի քննիչ Հայկ Հակոբյանի գլխավորությամբ: Օպերատիվ քննչական խումբը պարզում էր վարորդների և վիրավորների ինքնությունը:

 

Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել էին, որ վիրավորների մեջ է նաև հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը, ում ֆոտոլրագրողի տեղեկություններով, շտապօգնության բրիգադը Եղվարդի բժշկական կենտրոնից տեղափոխել էր Երևան, ու եթե շտապօգնության բրիգադները ժամանակին չհասնեին վթարի վայր, վիրավորներին ստիպված քաղաքացիներն էին տեղափոխելու:

 

Մինչ վթարի վայրում ոստիկանները գործողություններ էին կատարում, հիվանդանոցից տեղեկություններ ստացան, որ վիրավորներից մեկը մահացել է: 

 

 

 

 

 

shamshyan.com