«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի եղբոր՝ Քրիստ Մարուքյանի՝ ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարումը կուսակցության որոշումն է եղել: Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Քրիստ Մարուքյանը։
«Որոշումն անշուշտ միանձնյա չի եղել։ Այն եղել է կուսակցության ներսում քննարկման արդյունքում, որի ժամանակ քննարկվել են գնալ-չգնալու տարբերակները։ Վանաձորի ավագանիում մեր դերն ու նշանակությունը որևէ կերպ պետք չէ թերագնահատել, ուստի, որոշում կայացվեց, ըստ որի՝ կշարունակեմ մնալ այստեղի ավագանիում՝ որպես խմբակցության ղեկավար։ Գիտեք, թե ինչ ձևով է ձևավորվել Վանաձորի ավագանին, ինչի միջով անցել ենք «Լուսավոր Հայաստան» կուսակցությունով, Սահմանադրական դատարան, բոյկոտներ և այլն, ուստի չենք թերագնահատում այստեղի մանդատի կարևորությունը»,-ասաց նա։
Նա նշեց՝ համարելով, որ Ազգային ժողովում ձևավորված «Մենք» խմբակցությունը ևս շատ կարևոր դեր ունի, ուստի, անկախ մանդատից հրաժարվելուց, ինքը կուսակցական պրոցեսների մեջ ներգրավված կմնա և կունենա իր ներդրումը։
Մարուքյանն ընդգծեց՝ քանի որ Վանաձորի ավագանիում ունեն կիսատ թողած աշխատանք, չպետք է թուլացնել վերահսկողությունը․ «Իհարկե, չեմ ասում՝ ինձնով է պայմանավորված, բայց միևնույն ժամանակ, չեմ էլ թերագնահատում իմ դերը։ Գիտենք, որ Վանաձորի ավագանիում Հանրապետական կուսակցության հետ համագործակցում են այն կուսակցությունները, որոնց առաջնորդները, երևանյան գրասենյակները հայտարարում էին՝ իբրև թե խզում են կապերը հանրապետականների հետ, դուրս են գալիս կոալիցիաներից, սակայն երբ մենք անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ հանդես եկանք, պետք էր մեկ ավագանու անդամ, որը պետք է միանար «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը և գործընթացը սկսեինք՝ այդ կուսակցությունները մեր նախաձեռնությանը չմիացան։ Ստացվում է՝ Վանաձորում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը միակ հակակշիռ բևեռն է Սահմանադրության փոփոխությունից հետո ձևավորված ավագանիում, որն ավելի քաղաքական է, քան նոր քաղաքային իշխանությունը»,- ասաց Մարուքյանը։
Հիշեցնենք, որ Վանաձորի քաղաքապետը հանրապետական Մամիկոն Ասլանյանն է, որն այդ պաշտոնում ընտրվել է 2016 թ. հոկտեմբերին:
Իսկ ԱԺ-ում Քրիստ Մարուքյանին կփոխարինի Վանաձորի քաղաքապետարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Հրանտ Այվազյանը:
Սոնա Հարությունյան