Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ծանր է որակում 6-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանը: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ 6-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանն ավարտվել է, և սա առաջին նստաշրջանի վերջին հանդիպումն է ճեպազրույցների շրջանակներում՝ հավելելով, որ նստաշրջանը բավականին ծանր է եղել:
«Մենք ընդունել ենք բազմաթիվ օրենքներ: Նստաշրջանն ավարտել ենք, սակայն դեռ ունենք արտահերթ նիստեր, որոնց ընթացքում էլ ընդունելու ենք օրենքներ, որոնք միատված են օրենսդրությունը նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելուն: Գիտեք, որ ավարտված նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովն ընդունել է նաև 2018 թ. պետական բյուջեի նախագիծը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Մարուքյանը:
Էդմոն Մարուքյանը դրական է գնահատում 6-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի ընթացքում «Ելք» խմբակցության աշխատանքը: Նա նշեց, որ իրենք ակտիվ մասնակցել են բոլոր նախագծերի քննարկմանը և խորհրդարանական դիվանագիտության աշխատանքներին: