Այսօր՝ հունվարի 14-ին, մեկնարկել է նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: Նոր խորհրդարանի առաջին նիստը նախագահում է խորհրդարանի տարիքով ամենամեծ պատգամավորը՝ «Իմ Քայլը» դաշինքը ներկայացնող Կնյազ Հասանովը: Առաջին նստաշրջանի օրակարգում ներառված են հետևյալ հարցերը՝
1) հաշվիչ հանձնախմբի ստեղծում
2) Ազգային ժողովի նախագահի ընտրություն
3) Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ
4) մշտական հանձնաժողովների ստեղծում
5) մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ
6)Կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում
7) Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց:
Խորհրդարանում մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ալեն Սիմոնյանն ավելի վաղ հայտնել էր, որ հունվարի 14-ին`ԱԺ առաջին նիստում վարչապետի պաշտոնում առաջարկելու են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:
«Իմ քայլը» դաշինքը ԱԺ նախագահի պաշտոնում առաջարկելու է Արարատ Միրզոյանի թեկնածությունը, իսկ փոխնախագահների պաշտոնում՝ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները: ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար ընդդիմադիր քաղաքական ուժերից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուն է լինելու Վահե Էնֆիաջյանը, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուն` Մանե Թանդիլյանը:
2018-ի դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել «Իմ քայլը» դաշինքը` 88, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 26 և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը`18 մանդատով: