Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Հրազդանում այլևս չեն գործելու գիշերային ակումբներ. «Հաշվի առնելով քաղաքացիների շահը, որպեսզի չխաթարվի բնակիչների գիշերային անդորրը, որոշում եմ կայացրել այլևս չթույլատրել Հրազդան համայնքում գործող գիշերային ակումբների հետագա գործունեությունը»:
Ընտրվելուց հետո սա Սևակ Միքայելյանի թերևս առաջին գործնական քայլն է՝ միտված համայնքի բնակիչների շահերի պաշտպանությանը, սակայն, այնուամենայնիվ անչափ ուշագրավ է թե ինչու է քաղաքապետն այդ «սուրբ գործը» սկսում հենց գիշերային ակումբների դեմ անհաշտ պայքար սկսելով: Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ Հրազդան քաղաքում գործում է 6 գիշերային ակումբ: Դրանք հայտնաբերելը դժվար է, որովհետեւ մեծ մասը քողարկված են այլ օբյեկտների կողքին, հաշվառված չեն որեւէ ռեգիստրում, անգամ' Հրազդանի համայնքապետարանում: Մեր տեղեկությունների համաձայն՝ այդ ակումբներից մեկը պատկանում է հենց Սևակ Միքայելյանին:
Ինչևէ, հարկ է նշել, որ քաղաքապետը չունի օրինական գործող բիզնեսը փակելու իրավական լծակներ: Եթե նման օբյեկտները հարուցում են բնակչության դժգոհությունը, ապա քաղաքապետի և քաղաքապետարանի լիազորությունների մեջ է մտնում՝ օրենքի ուժով ստիպել նրանց պահպանել համակեցության կանոնները՝ համապատասխան ժամերին։ Եվ այս պարագայում՝ ոչ թե արգելում են գործունեություն ծավալել այլ հրահանգում են, օրինակ, ձայնամեկուսացնել։ Մինչդեռ քաղաքապետ Միքայելյանի գրառումից չի երևում, որ նա ի պաշտոնե առաջարկել է հանդիպում կազմակերպել սեփականատերերի հետ, այլ տարածք առաջարկել տեղափոխվելու համար, ձայնամեկուսացնել, անվտանգության աշխատակիցներ վարձել: Բիզնեսն այն ոլորտը չէ, որտեղ կարող են նման կամայական որոշումներ կայացվել, այն էլ՝ առանց լուրջ իրավական հիմքերի: Նման որոշմամբ անհեռատեսորեն մերժվում է նորմալ, օրենքի պահանջներին բավարարող, բազմաբնակարան և բնակելի վայրերից հեռու գիշերային մեկ կամ երկու ակումբ ունենալ զբոսաշրջային անչափ կարևոր խաչմերուկ հանդիսացող Հրազդան քաղաքում: Հետաքրքիր է, իսկ այդ մասին Միքայելյանը մտածե՞լ է…
Ստելլա Խաչատրյան