Հոկտեմբերի 21-ին Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրություններին առաջադրված թեկնածու Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբը արձագանքել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ի կողմից տարածված տեղեկությանը, թե Միքայելյանի նախընտրական քարոզչության մեջ ներգրավված են նաև համայնքային դպրոցները։
Նախընտրական շտաբի տարածած հայտարարության մեջ նշվում է հետևյալը.
«Ոսումնասիրելով ձայնագրությունը, ուղեկցող տեքստը, թե իբրև «Միքայելյանի նախընտրական քարոզչության մեջ են ներգրավված նաեւ համայնքային դպրոցների տնօրենները»՝ պատասխանատու կերպով հայտարարում ենք, որ տեղեկությունը ուղղակի սադրանք է: Սեւակ Միքայելյանի նախընտրական քարոզարշավը անցել եւ անցնում է հավասար, մրցակցային պայմաններում:
Որևէ մեկը չի կարող երաշխավորել, թե որևէ թեկնածուի լուսանկարը այս կամ այն քաղաքացին ուր կարող է փակցնել: Նախընտրական շտաբը տեղեկանալուն պես բոլոր պաստառները անթույլատրելի հատվածներից օրենքով սահմանված ժամկետներում հեռացրել է և տեղեկացրել ԿԸՀ-ին:
Որևէ մեկը չի կարող նաև նախապես տեղեկանալ, թե որ թաղամասում ով կարող է ներկա գտնվել քայլարշավ իրականացնող թեկնածուի բակային հանդիպումներին: Իսկ Ջրառատ թաղամասում նշված հանդիպումը տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի առիթով հայտարարված ոչ աշխատանքային օրերին՝ հոկտեմբերի 11-ին, և ոչ ոքի՝ այդ թվում և պետական ծառայողներին, արգելված չէ հանգստյան օրերին մասնակցել քարոզարշավին՝ որպես ՀՀ քաղաքացի: Իսկ ինչ վերաբերում է այն ձայնագրությանը, որն իրականացրել է կազմակերպության ներկայացուցիչը, ապա այն հերքում է հենց կազմակերպության կողմից տարածված տեղեկությունը:
Հրազդանի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանին զանգահարած և իբրև Սասուն Միքայելյանի օգնական ներկայացած մարդը, որ տնօրենից հետաքրքրվել է, թե որքան մարդ է պատրաստ բերել հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15։00-ին, մեկնարկող հանրահավաքին, ստանում է զարմացած պատասխան, և ակնհայտ երեւում է, որ տնօրենն ուղղակի անտեղյակ է հանրահավաքի մասին:
Նա զանգահարողից է իմանում, թե երբ և ինչ հավաք է սպասվում, ու տարակուսած հարցնում է. «Երևան պիտի գա՞նք»: Ավելին՝ ձայնագրության մեջ պարզ լսվում է, որ պահանջվող նախընտրական «կեպկաներից» չունի դպրոցի տնօրենը, որ բաժանի 9-րդ դասարանցիներին: Իսկ հավաքը, ի դեպ, նշանակված է ոչ թե ժամը 15:00-ին, այլ 16:00-ին:
Այս ձայնագրությունը ևս մենք համարում ենք սադրանք: Դարձյալ հորդորում ենք խաղաղ, օրինակելի ու մրցակցային պայմաններում իրականացվող քարոզարշավը եւ հոկտեմբերի 21-ին կայանալիք ընտրությունները չփորձել ստվերել: Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբը համապատասխան դիմումը առավոտյան կներկայացնի դատախազություն, որպեսզի տեղի ունեցածին իրավական գնահատական տրվի։ Պետք է ՀՀ ուժային կառույցները՝ հանուն ազատ և արդար ընտրությունների անխախտ սկզբունքների, անհապաղ պարզեն ուղղորդված սադրանք իրականացնողների շահագրգռվածությունը։
Պետք է պատասխանատվության ենթարկվի այն անձը, որը զանգահարել է տնօրենին և ներկայացել որպես ԱԺ պատգամավորի օգնական: Մենք հետամուտ ենք լինելու ստի, կեղծիքի շուտափույթ բացահայտմանը Նոր Հայաստանում»։