Արմավիրի ԲԿ-ում դեկտեմբերի 27-ին կեսարյան հատումից հետո ինքնազգացողության կտրուկ վատացումից հետո «Աստղիկ» ԲԿ տեղափոխված, այնուհետև մահացած 25-ամյա ծննդկանի՝ Սուսաննա Ոսկանյանի դեպքի մասովիրարամերժ պատասխաններ են հնչում բժշկական երկու կենտրոններից:

ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է Արմավիրի ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Կարեն Անտոնյանի և «Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանի հետ: 

Արմավիրի ԲԿ-ի բժիշկը մեզ հետ զրույցում նախ մանրամասնեց, որ ծննդկանի ինքնազգացողության կտրուկ վատանալու պատճառը քնից անսպասելի «վեր թռչելն» է եղել, դրանից նա վատացել է՝  շուրթերը կապտել են, լացել է, ճչացել ու սկսել է շնչահեղձ լինել. «Գիշերով  դեպք էին բերել հիվանդանոց, նրանց հարազատները գոռում էին, իրարանցում էին առաջացրել, դրանից մեր ծննդկանը վեր թռավ ու շոկային վիճակում հայտնվեց, բղավում էր՝ ասելով, թե եկել են իրեն սպանելու: Այնուհետև ես հիվանդին պարզ գիտակցությամբ և կայուն ճնշումով հասցրել եմ «Աստղիկ» հիվանդանոց, այնտեղի բժիշկներին էլ որ հարցնեք՝ կասեն ձեզ»:

«Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը, սակայն, ԼՈՒՐԵՐ.com-ին փոխանցեց, որ իրականում ծննդկանին ծայրահեղ ծանր, մահամերձ վիճակում են հասցրել իրենց ԲԿ, որից մի քանի ժամ անց 25-ամյա Սուսաննան մահացել է:

«Դե հիմա, Արմավիրի ԲԿ-ից կարող են ասել՝ իր ոտքով է եկել, լավ վիճակում է եկել, կամ այլ բաներ, բայց փաստն այն է, որ ծննդկանին ծայրահեղ վիճակում ենք ընդունել: Աշխարհում ընդունված բան է՝ եթե հիվանդին վիրահատությունից հետո առաջին 24 ժամվա ընթացքում տեղափոխում են այլ հիվանդանոց՝ վիճակի կտրուկ վատացման պատճառով, մանավանդ ծննդկանի, որը մահանում է, ուրեմն եղել է անլուծելի ինչ-որ բան, որը անհնարին է իմանալ մինչև դատաբժշկական փորձաքննության ավարտը»,-մանրամասնեց «Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը, հավելելով, որ բավականին ծանր են տարել ծննդկանի մահվան դեպքը, քանի որ անզոր են եղել որևէ բան անել: 

Երկու ԲԿ-ների ներկայացուցիչներն էլ դժվարանում են ասել, թե ինչն է եղել ծննդկանի մահվան պատճառը, ավելին՝ Արմավիրի ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Կարեն Անտոնյանը մեզ վստահեցրեց, որ ոչ մի արնահոսություն էլ չի ունեցել ծննդկանը, մինչդեռ հիվանդի հարազատները նշում են, որ բժիշկներն իրենց փոխանցել են, որ հիվանդի մոտ առկա է թոքերի այտուց և ներքին արնահոսություն:

«Կեսարյան հատման ժամանակ նորմալ է, երբ ծննդկանը արյուն է կորցնում, սովորաբար 700 գ կորցնում է, Սուսաննան 1200 գրամ է կորցրել, ինչ իր պարագայում (վարիկոզ՝ լայնացած անոթներ է ունեցել) կրկին նորմալ է: Նրա հարազատները մեզ հետ են եղել, նման բան չի եղել: Բոլորիս համար անհայտ է, թե ինչից ինչ առաջացավ, սպասենք դատաբժշկական փորձաքննության պատասխաններին, դա մեզ էլ է պետք»,-ասաց Արմավիրի ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Կարեն Անտոնյանը: 

Հիշեցնենք, որ ԼՈՒՐԵՐ.com-ը նաև զրուցել էր 25-ամյա մահացած ծննդկանի հարազատների հետ, ովքեր մեզ որոշ մանրամասներ էին հայտնել: 

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ