Վարդանանց 6-րդ փողոցում գործող «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննիսյանն այսօր՝ հունվարի 21-ին, ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանցավոր արարք կատարելու կասկածանքով: Տեղեկությունը ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ նշելով, որ Քննչական կոմիտեն քիչ անց հանդես կգա դրա վերաբերյալ հայտարարությամբ։
Ըստ տեղեկությունների՝ տնօրենի գիտությամբ ու թույլտվությամբ մանկապարտեզի երեխաների համար նախատեսված սնունդը տեղափոխվել է նրա ընտանիքին պատկանող՝ Ջրվեժում գործող ռեստորանային համալիր։ Պարզվել է նաև, որ տնօրենը յուրացման եղանակով հափշտակել է մանկապարտեզում հրամանագրված, սակայն փաստացի չաշխատող անձանց անվամբ փոխանցված առանձնապես խոշոր չափի՝ 13 մլն դրամ գումար։ Որոշ դեպքերում էլ՝ գումարները հափշտակել է աշխատանքից փաստացի ազատված անձանց աշխատավարձերի գումարները, վերջիններիս բանկային քարտերին փոխանցելու և անձամբ կանխիկացնելու եղանակով։
Ինչպես նաև տնօրենը՝ որպես դռնապահ, հավաքարար՝ աշխատանքի է ընդունել բարձագույն բժշկական կրթություն ունեցող իր հարսին, իսկ բանվոր՝ իր ամուսնուն, աշխատանքի է տեղավորել նաև իր հարևաններին։
Ըստ տեղեկությունների՝ նրա ամուսինը Վերահսկիչ պալատի 4-րդ վարչության պետ Տարոն Վահագնի Հովհաննիսյանն է։
Նշենք, որ դեռևս նոյեմբերի 6-ին, Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով, մայրաքաղաքում առանձանպես խոշոր չափերի յուրացման դեպք էր բացահայտվել, տեղեկություններ էին ստացվել, որ նշված մանկապարտեզում կատարվել և կատարվում է խոշոր չափի չարաշահումներ։ Պարզվել էր, որ «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը 2015 թվականի մայիսից մինչև 2018 թվականի հունիսը, մանկապարտեզի տարբեր հաստիքներում աշխատանքի է հրամանագրել 7 քաղաքացու, որոնք բոլորն էլ իր մտերիմներն են, փաստացի չեն հաճախել աշխատանքի, իսկ նրանց անվամբ դուրս գրված, առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր՝ մոտ 3 միլիոն 700 հազար դրամ կազմող աշխատավարձերի գումարը տնօրենը յուրացրել է:
Ի դեպ, դեռևս 2017թ․ դեկտեմբերին, «Լապտերիկ» մանկապարտեզը հիմնանորոգվել և նոր գույքով էր համալրվել: Իսկ կարմիր ժապավենը կտրել էին այն ժամանակ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Սոնա Հարությունյան