ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննություն է տարվում՝ օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձ ձերբակալվել է՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կազմակեպելու փորձի կասկածանքով: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«2019թ. նոյեմբերի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել որդեգրման գաղտնիքը հրապարակելու, որդեգրման համաձայնություն տալուն հակելու, խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, առևտրային կաշառք տալու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը:
Նախնական տվյալներով՝ Հայաստանում գործող բժշկական կենտրոնի և պետական հաստատությունների մի շարք ծառայողներ 2016-2018 թվականների ընթացքում ուղղակի դիտավորությամբ, շահադիտական դրդումներով, թվով 12 ծննդկանների հակել են որդեգրման նպատակով իրենց երեխաներից հրաժարվելուն և իրենց կամքին հակառակ որդեգրման համաձայնություն տալուն։
Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի և մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում խնամքը ստանձնելու նպատակով երեխաների առքը կազմակեպելու փորձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի' 1976 թվականին ծնված բնակչուհի:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ ապօրինի որդեգրման գործընթացին մասնակից բուժհաստատությունների, պետական պատասխանատու հիմնարկների համապատասխան աշխատակիցների, ինչպես նաև տուժողների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- նշված է հաղորդագրության մեջ։