Օրերս 5-րդ ալիքով ցուցադրված՝ 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների մասին պատմող ֆիլմը զայրույթ է առաջացրել հասարակության շրջանում։
Կա պնդում, որ ցուցադրված ֆիլմը սուբյեկտիվ է և իրականությունը չի արտացոլում:
Այսօր արդեն Տելեգրամի @bagramyan26 ալիքը տեղեկություն է տարածել, որ ֆիլմի պատվիրատուն եղել է Ռոբերտ Քոչարյանը, ֆիլմի մոնտաժմանը անմիջապես հետեւել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Ասվում է, որ ֆիլմի ռեժիսորը՝ Ռոման Բաբայանը, ֆիլմի նկարահանման համար 100 հազար դոլար հոնորար է ստացել.
«Դա անձամբ իր հոնորարն է, նկարահանող խմբին վճարվել է նման պրոյեկտների համար վճարվող միջինից ավել հոնորար, իսկ Բաբայանը ստացել է 100 հազար դոլար: Գումարի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել մինչ ֆիլմի նկարահանման մեկնարկը: Չի բացառվում, որ ֆիլմից հետո նրան հավելյալ գումար են վճարել»- ասվում է ինֆորմացիան տարածած ալիքի հաղորդագրությունում:
Վերջինս նաև հայտնել է, որ Քոչարյանը դժգոհ է մնացել ֆիլմից, քանի որ ակնկալել են, որ հեղինակն ավելի շատ մասնակիցներ կգտնի, որոնք Մարտի 1-ի համար կմեղադրեն Նիկոլ Փաշինյանին: Իսկ արդեն ֆիլմի՝ մեծ էկրանին հայտնվելուց հետո դժգոհ է մնացել հանրության արձագանքից, որը ակնհայտորեն մատնանշում էր ֆիլմի մանիպուլյատիվ բնույթը:
Ըստ աղբյուրի, ֆիլմի ստեղծմանը մասնակցել է նաեւ Ռուսաստանի ԱՊՀ երկրների ինստիտուտը, որը գլխավորում է Կոնստանտին Զատուլինը: Ի դեպ, վերջերս Երեւանում իր առաջին նիստը գումարած Լազարեւյան ակումբը եւս Զատուլինի նախաձեռնությունն է, որին աջակցություն է հայտնել Քոչարյանը:
Ֆիլմի գլխավոր նպատակը ցույց տալն էր, որ Մարտի 1-ի մեջ մեղավոր են բոլորը, բացի Քոչարյանից: