Երևանի Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում երիտասարդների կողմից մեքենան վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով 5 անձ կալանավորվել է:
Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Քննիչի միջնորդությունը բավարարվել է, և միջադեպի մասնակից հինգ քաղաքացիները կալանավորվել են»,-ասաց նա:
Հունվարի 17-ին մի խումբ երիտասարդներ, կոպտորեն խախտելով հասարակական կարգը և անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, փայտյա և երկաթյա մահակներով հարվածներ էին հասցրել Դ.Ա.-ին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենային և վնասել այն: Երևան քաղաքի դատախազի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, բաժին բերման էին ենթարկել վիճաբանության մասնակիցներին: