Հայաստանում կուրսային, դիպլոմային աշխատանքների, ատենախոսությունների վաճառքի գովազդը սահմանափակելու օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է նման արատավոր երևույթների վերացմանը, գրագողության խնդիրների լուծմանը:
Ազգային ժողովի պատգամավոր, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ օրենսդրական նախաձեռնությամբ խնդիրն ամբողջությամբ չի լուծվի, սակայն այն որոշ առումով կմեղմի իրավիճակը: Նա տեղեկացրեց, որ այս խնդրի հետ կապված բազմաթիվ բողոքներ կան: Կազմակերպությունները, որոնք զբաղված են կուրսայինների, ատենախոսությունների, դոկտորականների վաճառքով, ուղղակի լուրջ խոչընդոտ են կրթության ոլորտի զարգացմանը:
«Նույնիսկ զավեշտալի դեպք է գրանցվել, երբ դիպլոմային աշխատանք է ներկայացվել ուսանողի կողմից, մի քանի օրից մեկ այլ ուսանող նույն աշխատանքը կարողացել է գնել անցումներում: Մտածում էի, թե ինչպես կարելի է արգելել նման կազմակերպությունների գործունեությունը: Քանի որ շատերը գործում էին օն-լայն տիրույթում, ինչն անվերահսկելի է, դիտարկեցի միջազգային փորձը: Տեսա, որ շատ տեղերում գնացել են նման աշխատանքների վաճառքի գովազդի արգելման ճանապարհով: Հասկանալի է, որ այս նախաձեռնությամբ խնդիրն ամբողջությամբ չի լուծի, սակայն որոշակի զգաստացման գործիք կլինի»,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:
ԵՊՀ ուսխորհրդի փոխնախագահ, միջազգային հարաբերությունների մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Դավիթ Մաթևոսյանընշեց, որ կուրսային, դիպլոմային աշխատանք գնելու պահանջարկ կա հիմնականում ոչ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների շրջանում: Նրա խոսքով, ստեղծված իրավիճակը հետևանք է մի քանի գործոնների: Մասնավորապես, բուհեր են ընդունվում ուսանողներ, որոնք շահագրգռված չեն որակյալ կրթությամբ:
«Դրանից բացի, կան ուսանողներ, որոնք ավելի շատ կիրառական բնույթի կրթությամբ են հետաքրքրված, որ հետագայում հեշտությամբ կարողանան աշխատանք գտնել: Այսինքն՝ ակադեմիական, հետազոտական բաղադրիչով այդքան հետաքրքրված չեն: Մյուս խնդիրը կապված է ուսումնական գործընթացի հետ, երբ հետազոտական բաղադրիչը շատ թույլ է: Ես մագիստրատուրային ուսանող եմ, գրել եմ երկու կուրսային և մեկ դիպլոմային աշխատանք, սակայն չեմ անցել որևէ առարկա հետազոտության հիմունքների, մեթոդոլոգիայի հետ կապված: Սա ինքնին պարարտ հող է, որ ուսանողը գլխացավանքից ձերբազատվելու համար օգտվի իր փոխարեն գրելու առաջարկներից»,-ասաց Դավիթ Մաթևոսյանը:
Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ խնդիրը համակարգային լուծելու համար, նախաձեռնել են մի շարք հանդիպումներ ԳԱԱ ինստիտուտի, Բարձագույն որակավորման կոմիտեի ղեկավարության հետ՝ ներդնելու հակագրագողության գործիքներ:
«Որոշ համալսարաններում կան այդ գործիքները, որոնք բավական արդյունավետ են: Ճիշտ ալգորիթմներ տալով՝ գործիքը ճշտում է աշխատանքը վերցված է այլ տեղից, թե ոչ: Չնայած ասեմ, լինում են ճկուն ուսանողներ, որոնք ամեն դեպքում գտնում են շրջանցելու տարբերակներ: Կարծում եմ, որ նաև պետք է մշակվեն ոչ բարեխիղճ կրթական արդյունք ներկայացնելու համար պատժելու միջոցներ»,- ասաց նա: Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ այստեղ կա նաև դասախոսների հետ կապված խնդիրներ: Մասնավորապես, այդ նույն դիպլոմային աշխատանքները տարբեր ձևերով ամբիոններից արտահոսում են դրանց վաճառքով զբաղվող կազմակերպությունների մոտ:
Հովհաննես Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ներկայում քննարկվում է Վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխությունների հարցը՝ հստակեցնելու, թե ինչ պատժի չափ սահմանվի կուրսային, դիպլոմային աշխատանքների, ատենախոսությունների վաճառքը գովազդելու դեպքում: