Հայաստանում կսահմանափակվի վաճառքի կետերում, խանութներում ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրումը, շրջանառությունը, օգտագործումը: Նման որոշում կայացվեց Կառավարության փետրվարի 10-ի հերթական նիստում: «Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«2 020 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությունը քաղաքական լուրջ որոշում կայացրեց ծխախոտի և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների սահմանափակումների վերաբերյալ և դրույթները հերթով մտնում են ուժի մեջ: «Ծխախոտային արտադրատեսակները և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի պահանջներով պետք է սահմանվեն նաև ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը, որպեսզի կարողանանք այնպես, ինչպես կարգավորում ենք ծխախոտային արտադրատեսակները կարգավորենք նաև ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները, որոնք, իհարկե, հաշվի առնելով ինդուստրիան, շատ նորարական են: Մեր խնդիրն է լինել ինչքան հնարավոր է արագ արձագանքել, որպեսզի նոր հայտնվող արտադրատեսակների վերաբերյալ նույնպես տարածենք տեխնիկական կանոնակարգերը»,- ասաց Քերոբյանը:
Էկոնոմիկայի նախարարի կարծիքով' սա կարևորագույն ներդրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առողջության համար:
«Այս աշխատանքով, բնականաբար, Առողջապահության նախարարությունը ևս ունեցել է առաջատար դեր, որի արդյունքում կարողացել ենք հասնել տեխնիկական կանոնակարգի մշակմանը»,- հավելեց Քերոբյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ հունվարի 1-ից Հայաստանում արգելվել է առևտրի կետերում, խանութներում ծխախոտի և ծխախոտային արտադրանքի ցուցադրությունը, գովազդը:
Փաշինյանը վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանից հետաքրքրվեց, թե արդյոք պատշաճ վերահսկողություն իրականացվում է այդ ուղղությամբ:
Ասոյանը նշեց, որ վերահսկողություն իրականացվում է ամբողջ ծավալով:
«Կարծում եմ քաղաքացիների համար պետք է լինի ակնհայտ և տեսանելի, նաև Կառավարության գործընկերները կարող են հավաստել, որ գրեթե տեղեր չկան, որտեղ ցուցադրվի ծխախոտը: Սկզբնական փուլում, երբ օրենքը նոր էր մտել ուժի մեջ, ունեինք թեժ գծին ստացվող ահազանգեր, այդ ուղղությամբ վարչական վարույթներ ենք հարուցել, պատասխանատվության միջոցների կիրառումը ընթացքում է, սակայն, կարծում եմ, լիովին ապահովված է հանձնարարականի կատարումը: Նշեմ, որ բարձր տուգանքներ է նախատեսված խախտումների համար և դա իր զսպող ազդեցությունը ունենալու է: Երեք տեսչական մարմին է ներգրավված այս ուղղությամբ»,- ասաց Ասոյանը: