Դատավորների դեմ հաշվեհարդար է իրականացվում: Նման կարծիք ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Դիանա Գրիգորյանը՝ անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի որոշմանը, որով դադարեցվել է դատավոր Արայիկ Մելքումյանիլիազորությունները:
Փաստաբանի կարծիքով՝ ակնհայտ խտրական վերաբերմունք է դրևորվում դատական համակարգում, այդ թվում՝ ԲԴԽ-ում, որտեղ հարցերը լուծվում են գործադիր իշխանության կողմից ստացված զանգերի միջոցով: Նա հստակեցրեց, որ դեռևս 2009 թ. դատավոր Արայիկ Մելքումյանը, ում լիազորությունները դադարեցվեցին, Փաշինյանի լրատվական կայքի նկատմամբ կայացրել էր դատական ակտ Ռոբերտ Քոչարյանի որդու պահանջը բավարարելով՝ պարտավորել 3մլն դրամի չափ գումար վճարել. «Դատավորի լիազորությունների դադարեցման մեջ դիտավորություն կա և գործադիր իշխանությունը վրեժխնդիր է լինում: Այնինչ, նախկինում վրեժխնդրության այսպիսի դրևորումներ չկայի: Դատական համակարգի նկատմամբ մատ թափ տալու, «տեղներդ նստելու», «խելքներդ գլուխներդ» հավաքելու դրսևորումներ չկային»,- ասաց նա:
Գրիգորյանի խոսքով՝ ԲԴԽ-ն այս քայլով ապացուցեց, որ օրենսդրության խախտմամբ նշանակված ԲԴԽ-ի նախագահ Գագիկ Հարությունյանը չի կարող անկախ լինել գործադիր իշխանությունից. «Նա առաջնորդվում է ոչ թե օրենսդրական պահանջներով, այլ՝ գործադիր իշխանության ցանկություններով: Ասածս հիմնավորվում է նրանով, որ ընդամենը օրեր առաջ՝ գործում ավելի խիստ փաստական հանգամանքների առկայության պայմաններում, մեկ այլ դատավորի նկատմամբ ԲԴԽ-ն կայացրել էր կարգապահական պատասխանատվության միջոց՝ սահմանափակվելով նկատողությամբ, այնինչ, Արայիկ Մելքումյանի պարագայում, որի արարքը ավելի մեղմ փաստական հանգամանքներ էր պարունակում, ԲԴԽ-ն լիազորությունների դադարեցման որոշում է կայացրել»:
Փաստաբանն անկախ և ազատ դատական համակարգ ունենալու համար առաջնային է համարում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի լիազորությունների դադարեցումը. «Հակառակ դեպքում դատավորների հետ հաշվեհարդարի երևույթները այլընտրանք չեն ունենալու: Ոչ օրինական հիմքերով ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը չի կարող անկախ լինել և պիտի ենթարկվի գործադիր իշխանության կամայականություններին»,- նշեց Դիանա Գրիգորյանը:
Տեղեկացնենք, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի դեմ բողոքի ալիքը նոր չի բարձրացել. այս պահի դրությամբ նրա լիազորությունների դադարեցման գործընթաց է իրականացվում: Դատավորներ Կարինե Պետրոսյանը և Ալեքսեյ Սուքոյանը վիճարկում են ԲԴԽ նախագահի հարցը դատական ատյաններում:
Սոնա Հարությունյան