Արցախյան շարժման 31-ամյակի օրը՝ փետրվարի 20-ին, ԵՊՀ-ում կազմակերպվել էր «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականի անդրանիկ համարի շնորհանդեսը։ Սա թվով երկրորդ շնորհանդեսն էր․ առաջինը կազմակերպվել էրփետրվարի 15-ին՝ Արցախում։ «Գիտական Արցախ»-ը ՀՀ ԲՈԿ-ի ընդունելի հանդեսների ցանկում ընդգրկված՝ առայժմ միակ արցախյան պարբերականն է:
ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ-ի հիմնադիր Ավետիք Հարությունյանը նշեց, որ ամսագիրը կդառա գիտական դիվանագիտության այն հարթակը, որն իր մեծ լուման կունենա Արցախի միջազգային ճանաչման գործում․ «Արցախի երիտասարդների, մասնագետների միավորման հերթական նախաձեռնությունը մեր կազմակերպությանն է, իսկ հիմնադիրը հանդիսանում է հենց ԵՊն-ն, որի հետ տևական ժամանակ է՝ սերտ համագործակցում ենք։ Սա արցախյան իրականության մեջ առաջին ու միակ դեպքն է, երբ հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է գիտական պարբերականի հրապարակում, և այն ընդգրկված է բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ընդունելի պարբերականների ցանկում, որը մեծ պատասխանատվություն է, ապագայի համար բարձր նշաձող ենք սահմանել ինչպես որակական, այնպես էլ տարբեր երկրների ընդգրկվածություն ապահովելու առումով»,- ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով՝ պարբերականի նպատակներից է երիտասարդ, սկսնակ հետազոտողների համար հարթակ ստեղծելը, որպեսզի կարողանան իրենց աշխատանքները տպագրել, հաջորդը՝ ինչպես կայացած, այնպես էլ արտասահմանում ճանաչում ունեցող հայ և օտարերկրացի գիտնականներին հնարավորություն տալ իրենց աշխատանքները տպագրել «Գիտական Արցախ»-ում։ Կազմակերպության առաքելությունն է՝ գիտության միջոցով Արցախը ճանաչելի դարձնել արտասահմանում։
«Մեր կատարած աշխատանքները՝ միջազգային գիտաժողովների կազմակերպում, Արցախի էլեկտրոնային գրադարան-կայքի նախաձեռնումը և «Գիտական Արցախ»-ի հրատարակումը հենց այդ գաղափարի առաքելության շրջանակում է տեղավորվում։ Մի շարք գիտնականների հետ արդեն իսկ ունենք պայմանավորվածություն՝ իրենց աշխատանքները տպագրելու»,- նշեց «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ հիմնադիրը։
Նշենք, որ Ավետիք Հարությունյանի տպավորությունները դրական ու կառուցողական են։ Շնորհանդեսին ներկա էին ինչպես խմբագրական խորհրդի անդամներ, այնպես էլ հոդվածագիրներ, ասպիրանտներ, որոնք ծանոթացել են պարբերականում տպագրվելու կանոններին։