ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արմինե Մարգարյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար։ Պարզվում է՝ Մարգարյանը ոլորտում նոր չէ, սակայն հնաբնակներից էլ չէ:
Ուսումնասիրելով Արմինե Մարգարյանի կենսագրությունը՝ պարզ դարձավ, որ վերջինս մինչ անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնին անցնելը եղել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի խորհրդականն ու սիրելի աշխատակիցներից մեկը: Մարգարյանն այդ պաշտոնին նշանակվել էր իշխանափոխությունից հետո՝ հուլիսի 2-ին:
ԱԽՔ խորհրդականի պաշտոնն զբաղեցնելուց առաջ Արմինե Մարգարյանն աշխատել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում, որպես սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության բաժնի փորձագետ:
Ինչպես զբաղեցրած պաշտոնները, այնպես էլ ստացած կրթությունը, Արմինե Մարգարյանի դեպքում բավականին բարձր են և աչք շոյող: Այսպիսով՝ բացի ներհայաստանյան կրթությանը, Արմինե Մարգարյանը սովորել է ՆԱՏՕ-ի դպրոցում, ուսումնասիրելով ՆԱՏՕ-ի եվրոպական անվտանգության համագործակցության կանոնները, այնուհետև սովորել է Վրաստանի համալսարանում և ուսումնասիրել միջազգային արտահանման վերահսկման քաղաքականությունը:
Սա դեռ ամենը չէ. Մարգարյանը դասընթացներ է անցել նաև Գերմանիայում՝ «Կիրառական անվտանգության ուսումնասիրություններ» թեմայով, որից հետո էլ Ժնևի անվտանգության քաղաքականության կենտրոնում ուսումնասիրել է «Անվտանգության նոր խնդիրներ» թեման:
Արմինե Մարգարյանն անկուսակցական է: