Ես չէի պատկերացնում, որ այս կարգի աղմուկ կբարձրանա, և որ այդքան հակասական, կցկտուր տեղեկություններ կհայտնվեն մամուլում: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մշակույթի փոխնախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանն՝ անդրադառնալով որոշ ՊՈԱԿ-ների լուծարման և միացման հարցին:
«Մի կաթիլ մեղրի պատմությունն է հիշեցնում կամ փչացած հեռախոսի, որովհետև ամեն ինչ, կարծում եմ՝ կապված է բառերի ընտրության հետ:
Խոսքը չի գնում փաստաթղթի մասին, որը վերջնական մշակում է ստացել: Խոսքը կառավարության հանձնարարականի մասին է: Այդպիսի հանձնարարականներ մենք ստանում ենք ամեն օր: Հանձնարարականը ստացվել է ուսումնասիրելու, վերլուծելու ՊՈԱԿ-ների դաշտը և տալու որոշակի առաջարկություններ»,-ասաց Ղարիբյանը:
Ղարիբյանի խոսքով՝ հանձնարարությունն օպտիմալացման հետ կապ ունի, միայն թե՝ առաջնորդվել են ոչ թե խնայողության, տնտեսման կրճատումների ճանապարհներով, այլ գործունեության արդյունավետության տեսանկյունից:
Ըստ մշակույթի նախարարի պաշտոնակատարի՝ փաստաթուղթն ուղարկվել է կառավարություն, բայց եղել է սևագիր տարբերակը: Խոսքն ընդամենը սևագրի մասին է.
«Դա է պատճառը, որ այդ թուղթը քննարկման չի դրվել, տնօրենների հետ չի խորհրդակցվել: Մեր աշխատողների ու ինձ համար դա առաջին վերլուծությունն է, բայց դա չի նշանակում, որ կառավարությունը պետք է հիմք ընդուներ և դներ քննարկման»:
Ղարիբյանը նշեց, որ կան մեկ-երկու ՊՈԱԿ-ներ, որոնք արդեն իսկ պատրաստ են միավորվելու:
Հարցին, թե երբ կնշվի վերջնաժամկետը այդ փաստաթղթի, և ովքեր են աշխատել այդ փաստաթղթի մշակման վրա, Ղարիբյանը պատասխանեց.
«Դա հանձնարարական է և մենք ամեն օր ենք նման հանձնարարականներ անում: Վերջնական փաստաթուղթ չի կարող լինել, դա ընդամենը վերլուծություն-տեղեկանք է յուրաքանչյուր ՊՈԱԿ-ի առումով: Կոնկրետ ժամկետ չկա այդ փաստաթուղթը ներկայացնելու, իսկ տեղեկանքի վրա աշխատել են մեր վարչությունների մանագետները»,-ասաց Ղարիբյանը»:
Հարցին, թե կոնկրետ որ մասնագետներն են հանձնարարություն տվել Համազգային թատրոնը փակելու, Ղարիբյանը նշեց. «Ինչո՞ւ ասեմ: Դա մեր ներքին աշխատանքն է»: