«Հրապարակ» թերթը գրում է․
Իշխանական էլիտայում քննարկվում է Բրյուսովի անվան լեզվաբանահասարակագիտական համալսարանի պրոռեկտոր Գրիշա Թամրազյանին եւ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանին նոր ստեղծվելիք միասնական նախարարությունում փոխնախարարներ նշանակելու հարցը:
Գրիշա Թամրազյանը մամուլին հայտնի է դարձել բրյուսովցիների բողոք-նամակներից: Նա այդ պաշտոնում նշանակվել է նախկին իշխանությունների ժամանակ։ Ավելի վաղ, ֆիզկուլտինստիտուտ ավարտած Թամրազյանը կարճ ժամանակով Կոնսերվատորիայի պրոռեկտոր է աշխատել: Իսկ Նազենի Ղարիբյանը փոխնախարար է նշանակվել նոր իշխանության ժամանակ։ Նա հայտնի քաղաքագետ, վաղամեռիկ Տիգրան Հայրապետյանի նախկին կինն է, եւ քանի որ կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում մշակույթի նախարարությունը միավորվելու է ԿԳՆ-ին, նա կղեկավարի մշակույթի բլոկը:
Հիշեցնենք, որ ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն ԱԺ պատգամավոր է դարձել: Կրճատման ենթակա մյուս նախարարությունների փոխնախարարների ճակատագիրը դեռ անհայտ է։