«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ հայտարարել էր կադրային բանկ ստեղծելու մասին եւ կոչ արել քաղաքացիներին իրենց CV-ները եւ մոտիվացիոն նամակներն ուղարկել կառավարություն։ 4 հազարից ավելի դիմում է ստացվել, 6 հոգուց բաղկացած հանձնաժողովը նայել է դրանք, ընտրել այն անձանց, որոնք կարող են հավակնել այս կամ այն պետական պաշտոնին։ Դիմումները քննվել են փուլերով, սկզբում նայել են CV-ները, ընտրել լավագույններին, ապա հարցազրույց՝ «քասթինգ» անցկացրել։
Ժյուրիի անդամներն են ԱԺ պատգամավոր, ՀԺ-ի նախկին թղթակից Հայկ Գեւորգյանը, վարչապետի նախկին օգնական, այժմ դարձյալ պատգամավոր Արեն Մկրտչյանն ու վարչապետի գործող օգնական, հայտնի «ախրաննիկ-պատգամավոր» Հայկ Սարգսյանի երկվորյակ եղբայր Նաիրի Սարգսյանը։ Սակայն ՔՊ-ից մեզ ասացին, որ հանձնաժողովը 6 անդամ ունի, որից 3 անձ՝ անկուսակցականներ: Ավելին, կատակեցին, որ մեր նշած երեքը ժյուրիի «թույլ» անդամներն են, նրանց կողմից ընտրված թեկնածուները հետո քննություն են հանձնում լիարժեք կազմով ժյուրիի առջեւ։ Նրանք երկար-բարակ քննել են պաշտոնի հավակնորդներին, հետաքրքրվել՝ ինչ պաշտոն են նախընտրում եւ այլն։ Առաջին փուլով 1200 դիմողից բանավոր քննությանը մասնակցել է 50-60 հոգի, վերջում հանձնաժողովը հավանություն է տվել 30 թեկնածուի եւ ուղարկել կառավարության ռեզերվ։ Տեղեկացանք, որ ընտրված 30 հոգուց մեկը օրերս կնշանակվի արդարադատության փոխնախարար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում