Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձել է 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին: ՀՀ ԱԺ նախագահը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
«2008թ․ մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում քաղաքացիների խաղաղ ընդվզումը ճնշելու նպատակով կրակեցին ցուցարարների վրա։ Ազատության ու արժանապատվության համար խաղաղ պայքարի ելած շատ շատերս կարող էինք լինել այդ օրը զոհված 10-ից մեկը, 11-րդը, 21-րդը․․․ Հիշելով այդ օրը, հիշելով բոլոր զոհերին, հիշելով բոլոր վիրավորներին, հիշելով ֆիզիկապես անվնաս, բայց գլխահակ ու կոտրված բոլոր տուն դարձածներին՝ մենք պետք է մեկընդմիշտ փակենք մեր պատմության այդ արյունոտ և ամոթալի էջը և աներկբայորեն մերժենք ու բացառենք քաղաքական բռնությունը և ճնշումները մեր երկրում։ Այլևս երբեք»: