Մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ՊՈԱԿ-ների կարգավիճակների փոփոխության մասին տեղեկանքը բխում է կառավարության՝ ծրագրից, որը հաստատվել է փետրվարի 14-ին։ Հայտարարությունում ասվում է.
«ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ների կարգավիճակների փոփոխության մասին տեղեկանքը բխում է ՀՀ կառավարության՝ ս. թ. փետրվարի 14-ին հաստատված ծրագրից, որի համաձայն կառավարությունը որդեգրել է պետական եւ բյուջետային համակարգի կազմակերպությունների կառավարման առավել արդյունավետ եղանակների մշակման ներդրման քաղաքականություն։
Հանձնարարականում օրակարգային է համարվում ոչ թե միջոցների խնայողությունը, հաստիքների կամ պետական մարմինների թվաքանակի կրճատումը, այլ՝ պատասխանատվության համախմբումը եւ ռեսուրսների դիմաց առավելագույն արդյունքի ստացումը:
ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության պետական ոչ առեւտրային կազմակերպությունների կարգավիճակների պահպանման կամ փոփոխության վերաբերյալ առաջարկները կատարվել են նախարարության ոլորտային վարչությունների մասնագետների կողմից՝ հիմք ընդունելով ՊՈԱԿ-ների կանոնադրությամբ հաստատված նպատակներն ու գործունեության առանձնահատկությունները, սուբսիդավորման պայմանագրերում տեղ գտած աշխատանքային պարտավորությունները՝ ֆինանսական եւ ոչ ֆինանսական ցուցանիշներով, նրանց տարեկան հաշվետվությունները, ներկա ծրագրային եւ ֆինանսական զարգացման հեռանկարները։ Նշենք, որ կազմակերպությունների գործունեության օպտիմալացմանն ուղղված առաջարկների հիմքում դիտարկվել է առավելապես վարչական հատվածը։
Կառավարությանը ներկայացված փաթեթն ունի զուտ աշխատանքային բնույթ եւ ոչ մի կերպ չի կարող որոշման նախագիծ համարվել, առավել եւս՝ ներկայացվել հաստատման։
Տեղեկացնում ենք նաեւ, որ ՊՈԱԿ-ների փակման կամ լուծարման մասին որեւէ նախաձեռնություն կարող է դիտարկվել միայն համապատասխան օրենսդրական դաշտի կարգավորման, ինչպես նաեւ կառավարման ու գործունեության այլընտրանքային մոդելների առաջարկման պարագայում։
ՊՈԱԿ-ների կարգավիճակների փոփոխության եւ հարակից հարցերի մասին առավել մանրամասն կքննարկվի մարտի 4-ին, ժամը 16:00-ին ՊՈԱԿ-ների տնօրենների հետ հանդիպման ընթացքում»: