Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների հանրային կապերի պատասխանատուներին կոչ է արել ինքնուրույն նավարկություն սովորել, գովազդային, փիարային մեխանիզմներ մշակել, որոնց միջոցով թատրոնների ներկայացումները, ցուցասրահների նմուշները, հուշարձանները հանրության և զբոսաշրջիկների համար ավելի հրապուրիչ և կանչող կդառնան:

 

Ինչպես  տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նախարարը խոսնակներին հանձնարարել է երկու շաբաթում առաջարկ-ծրագրեր ներկայացնել, որոնցում նոր գաղափարներ կլինեն, թե ինչ քայլերով կարելի է լրատվամիջոցների և հանրության ուշադրությունը բևեռել իրենց միջոցառումներին։

 

«Պետությունը քիչ է փող տալիս, բայց տալիս է բոլոր հնարավորությունները, որպեսզի բազմապատկեք ձեր եկամուտները։ Ոչ թե պետությունը պետք է ձեզ քաշելով տանի, այլ դուք պետք է ինքնուրույն նավարկության դուրս գաք»,-ընդգծել է նախարար Ամիրյանը։