Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը և «ԳուոՄենգ» ընկերությունը համատեղ նախաձեռնել և հիմնադրել են «Հայ-չինական բարեկամության զարգացման ասոցիացիա», որի հիմնական նպատակն է Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական, առևտրային, կրթական և մշակութային փոխգործակցության զարգացումը: Ինչպես տեղեկացրին Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի լրատվական ծառայությունից, ասոցիացիայի համահիմնադիրը և նախագահն է տնտեսական գործիչ Ռոբերտ Հարությունյանը: Ասոցիացիայի գործունեության հիմնական ուղղություններն են.
* Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացումը
* Հայաստանում և Չինաստանում ներդրումային ծրագրերի իրականացումը
* Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառության զարգացումը
* Երրորդ երկրների շուկա մուտք գործելու նպատակով համատեղ արտադրական ծրագրերի իրականացումը
* Մշակութային և կրթական ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը:
Ասոցիացիայի նպատակներին հասնելու համար «ԳուոՄենգ ընկերությունը», ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ակտիվ գործակցությամբ, պատրաստվում է Հայաստանում իրականացնել տարբեր ներդրումային ծրագրեր, որոնք համահունչ են Չինաստանի «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ծրագրի նպատակների հետ:
Ներդրումային ծրագրերի իրականացման համար նախատեսվում է Հայաստանում ստեղծել «ԳուոՄենգ»-Հայաստան Եվրասիական ներդրումների կառավարման ընկերությունը, որը Հայ-չինական բարեկամության ասոցիացիայի հետ համատեղ կիրականացնի հետևյալ ծրագրերը.
- ԳուոՄենգ-Հայաստան միջազգային առևտրային ընկերություն:
Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ, ինչպես նաև ԵՄ, ԱՄՆ և այլ երկրների հետ ունի նպաստավոր առևտրային ռեժիմներ: «ԳուոՄենգ» ընկերությունը Հայաստանում կձևավորի առևտրային ընկերություն, որը կզբաղվի միջազգային շուկաներում երկու երկրների արտադրանքի վաճառքների իրականացմամբ:
- ԳուոՄենգ-Հայաստան լոգիստիկ ընկերություն:
«ԳուոՄենգ» ընկերությունը նախատեսում է կառուցել Հայաստանում ժամանակակից պահեստային տնտեսություն, որը կսպասարկի ԵԱՏՄ, ԵՄ և այլ երկրների հետ առևտրային հոսքերը:
- ԳուոՄենգ-Հայաստան ալյումինի արդյունաբերական գոտի:
«ԳուոՄենգ» ընկերությունը կձևավորի ալյումինե ապրանքների արտադրողների արդյունաբերական գոտի, որտեղ ներկայացված կլինեն չինական ալյումինե ապրանքներ արտադրող տարբեր ընկերություններ, մշակումներ և հետազոտություններ, ինչպես նաև դիզայն իրականացնող ընկերություններ: Գոտու շահառուների կողմից արտադրված ապրանքները հիմնականում կարտահանվեն:
- Մշակութային և Կրթական կենտրոն:
Հայ-չինական բարեկամության զարգացման ասոցիացիայի հետ համատեղ նախատեսվում է ստեղծել կրթամշակութային կենտրոն՝ երկու երկրների միջև մշակութային, կրթական և տնտեսական համագործակցությունը զարգացնելու նպատակով: Տվյալ կենտրոնը պատասխանատու կլինի «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ծրագրերի իրականացման համար Հայաստանում: Կրթամշակութային կենտրոնի միջոցով կիրականացվեն Հայաստանի կրթահամալիրների ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր, որոնք կխթանեն երկու երկրների միջև կրթական և գիտական ոլորտներում համագործակցությունը:
Որպես միջազգային բարձրորակ ծառայություններ մատուցող և ներդրումային ընկերություն, որը սերտորեն համագործակցում է Չինաստանի կոմերցիայի նախարարության հետ, «ԳուոՄենգ» ընկերությունը սերտորեն կհամագործակցի Հայաստանի կառավարության հետ վերոնշյալ ներդրումային ծրագրերի շրջանակներում: Ստորագրվեց նաև գործակցության ևս մեկ փաստաթուղթ:
«Հայ-չինական բարեկամության զարգացման ասոցիացիա» ընկերության համահիմնադիր կառույցի՝ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի արտաքին կապերի վարչության պետ Վլադիմիր Ամիրյանի լավատեսական համոզմամբ՝ սկիզբը խոստումնալից է, կամքը կա, մնացյալը ժամանակի խնդիր է: