ՀՀ ազգային ժողովը չընդունեց նախնական կալանքի մեկ օրը մեկ ու կես հաշվելու մասին նախագիծը լիագումար նիստի օրակարգ մտցնելու մասին որոշումը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն օրակարգ մտցնելուն կողմ քվեարկեց 35 պատգամավոր, դեմ` 61 , իսկ ձեռնպահ` 4 պատգամավոր:
«ԼՀԿ-ն հանդես է եկել առաջարկությամբ, որով առաջարկվում է ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարել, որով 2004թ հունիսին օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մինչ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի 2018 թ. նոյեմբերին ուժի մեջ մտնելը մինչ դատավճռի օրինական ուժի մտնելը կալանքի տակ պահելու տակ ժամկետը հաշվակցվում է ազատազրկման կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժի մեկ օրը որպես մեկ ու կես օրվա դիմաց»,-ասաց Տարոն Սիմոնյանն ու հավելեց` նախագիծը ներկայացած է եղել նաև նախորդ գումարման ԱԺ-ում:
Նախորդ անգամ նախագիծն արժանացել էր կառավարության բացասական եզրակացությանը: Նախորդ նախագծի հեղինակ Էդմոն Մարուքյանին առաջարկ էր արվել փոփոխություններ մտցնել և նախաձեռնությունը տարածել ոչ թե ապագային ուղղված իրավահավասարություններին, այլ անցյալին ուղղված իրավահավասարություններին: Սիմոնյանի խոսքով` ԼՀԿ-ն , հաշվի առնելով կառավարության առաջարկությունները, նմանատիպ փոփոխություններ է կատարել և նախագիծը նորից ներկայացնել: Սակայն այս անգամ ևս նախագիծը կառավարությունում և ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում բացասական եզրակացություն է ստացել:
Սիմոնյանը ներկայացրեց նախագծի նպատակը: «Կալանքի տակ պահելու պայմանները շատ ավելի խիստ են, քան ազատազրկման ձևով մարդուն պատասխանատվության ենթարկելը: Եվ, հետևաբար, այդ խիստ պայմանները հաշվի առնելով պետք է տարբերություն լինի կալանքի տակ պահելու օրերի և ազատազրկման օրերի հաշվարկման միջև: Բացի այդ մինչ նախորդ տարվա համաներումը կալանավորները շատ ծանր պայմաններում են եղել: Նրանք նույնիսկ քնել են հերթով»,-ասաց Սիմոնյանն ու հավելեց` այդ նախագիծը պետք է դիտարկել նաև մարդասիրական վերաբերմունքի դրսևորում:
Սիմոնյանը կոչ արեց հանձնաժողովի բացասական եզրակացությունից անկախ նախագիծը նիստի օրակարգ ընդգրկելու մասին որոշումն ընդունել:
Գլխադասային` Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Սերգեյ Ատոմյանը ներկայացրեց, որ տվել են բացասական եզրակացություն մի քանի պատճառներով: «Վերջին տարիներին դատական պրակտիկան էական տեղ է հատկացնում տուժողի կարծիքին պատճառած նյութական վնասին վերականգնման հանգամանքին: Քննարկվող օրենքի նախագծի ընդունման պարագայում այնպիսի իրավիճակ կստեղծվի, որ տուժողը, որը ժամանակին բավարարված է զգացել նշանակված պատժաչափով, այժմ հանկարծ տեղեկանալու է, որ պատժաչափը նվազել է: Եվ այն կարող է տուժողների շրջանում դժգոհություն առաջացնել»,-ասաց նա:
Պատգամավորը նշեց նաև, որ պատժաչափը կրճատելով նաև խախտվում են արդարացի պատժի նշանակման հանցավորի անձը բնութագրող տվյալներից ելնող պատժի տեսակը և չափը որոշելու սկզբունքները:
Հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած նախագիծը քվեարկությամբ չընդգրկվեց խորհրդարանի լիագումար նիստի օրակարգ: