ՀՀ ազգային ժողովը չընդունեց Արհեստակցական միությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը լիագումար նիստի օրակարգ ընդգրկելու մասին որոշումը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների կողմից ներկայացված նախագծին կողմ քվեարկեց 36, դեմ` 53, ձեռնպահ` 3 պատգամավոր:
«Նախագծի նպատակն այն է, որ Հայաստանում վերջապես ունենանք անկախ արհեստակցական միություններ: Դա հետաքրքրում է Հայաստանի հարյուր հազարավոր աշխատողների»,-ասաց նախագծի համահեղինակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ու նշեց` ԱԺ-ն արդեն որերորդ անգամ չի ցանկանում ունենալ անկախ արհեստակցական միություն:
Նա անդրադարձավ դիտարկմանը, թե նախագծի նպատակը աշխատողներին վերահսկողության տակ պահելն Է` ժխտելով այդ տեսակետը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը ներկայացրեց գլխադասային հանձնաժողովի ` մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի տեսակետը:
«Գուցե արհմիությունների ոլորտում գլոբալ փոփոխությունների կարիք կա: Բայց քանի դեռ ամբողջությամբ ներկայացված չեն դրանք, խնդիրները չեն կարող լուծվել: Այս նախագիծը ներկայացված է եղել նաև նախորդ գումարման Աժ-ում, որտեղ նույն հիմնավորմամբ կառավարությունը մերժել էր, հետո հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել: Հիմա, չնայած ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի ներկայացուցիչների կողմ քվեարկությանը, հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել»,-նշեց նա:
Քվեարկությամբ նախագիծը չմտավ լիագումար նիստի օրակարգ: