«Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի համահեղինակ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեղեկացնում է, որ նախագծի մշակման նախաձեռնությունը պատկանում է մի շարք ԶԼՄ-ների ու դրանց ներկայացուցիչներին: «Վիրավորանքը և զրպարտությունը համացանցում. առկա հիմնախնդիրները և առաջարկվող օրենսդրական լուծումները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտնեց պատգամավորը: «Այն, որ այս ոլորտը լուրջ կարգավորման կարիք ունի, ընդունում են բոլորը: Ես ուզում եմ բերել մի ծանրակշիռ փաստարկ. որպես նախկին լրագրողի ինձ շատ են դիմել իմ գործընկերները, ովքեր ունեն երկար տարիների լրագրողական փորձ, ու առաջարկել որոշակի կարգավորումներ մտցնել դաշտում»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը' նշելով, որ անմիտ է հիշյալ նախագիծը դիտարկել որպես խոսքի ազատության և ԶԼՄ-ների իրավունքների սահմանափակմանն ուղղված քայլ:
Որպես հիմնական զեկուցող, նախագծի համահեղինակ ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը խորհրդարանական լսումներին ներկայացրեց լրատվական նյութի անվան տակ տեղ գտած մեկնաբանություններ, որոնք վիրավորական և զրպարտչական բնույթի են, և անհայտ աղբյուրի հետ կապված որոշակի կարգավորումների միջազգային փորձը: Նրա խոսքով' լրատվական նյութի անվան տակ տեղ գտնող մեկնաբանությունների միջազգային փորձը պրակտիկայում չորս հիմնական հայեցակարգերի մեջ է ամփոփվում, որոնցից մեկն էլ ընկած է հիշյալ նախագծի հիմքում: «Այն մոդելը, որն ընկած է նաև մեր նախագծի կարգավորումների հիմքում, ապահով ապաստարանի ռեժիմ է' ընդունված ԵՄ տարածքում: Այս մոտեցման հիմնական շեշտադրումը «ծանուցել և հանել» սկզբունքն է»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը: Այս սկզբունքի էությունը կայանում է նրանում, որ անձը, ում մասին լրատվամիջոցը տարածել է վիրավորական և զրպարտչական մեկնաբանություն, կարող է դիմել լրատվամիջոցին և պահանջել հեռացնել այն' հիմնավորելով իր պահանջը: «Այս մոդելի դեպքում'լրատվական գործունեություն իրականացնողը պատասխանատվությունից կազատվի, եթե վիրավորանք պարունակող մեկնաբանո ւթյան մեջ իր միջամտությունը կրում է տեխնիկական կամ պասիվ բնույթ»,-նշեց պատգամավորը' ասելով, որ այն ժամանակ, երբ ԶԼՄ-ն կտեղեկացվի մեկնաբանության հեռացման մասին, այդ ժամանակ դա չկատարելը կարող է խնդիր առաջացնել:
Արփինե Հովհաննիսյանի ներկայացմամբ, նախագծում առկա կարգավորումները հիմնականում նման են Մեծ Բրիտանիայում ընդունված օրենքի մոտեցումներին: «Նրանք ընդունել են այդ օրենքը, որպեսզի յուրաքանչյուր մանր գործով դատարան դիմելու անհրաժեշտություն չառաջանա, և այդ դեպքերի համար սահմանել են չափանիշներ»,-ասաց զեկուցողը:
Արփինե Հովհաննիսյանը խոսեց նաև մեկ այլ մոդելի մասին, որի վրա էլ հրավիրեց ներկաների ուշադրությունը: «Այս կոնցեպտի հիմքում դրված է այնպիսի հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության հիմնավորումը, ինչպիսին է «Արթիքլ 19»-ը: Նրանք կողմնակից են ոչ թե «ծանուցել և հանել» մոտեցմանը, այլ «ծանուցել և կրկին ծանուցել» տարբերակին: Ինչն է այս կազմակերպության հիմնական փաստարկը. հանելով այդ մեկնաբանությունը' կարծես ազատ խոսքի դեմ է գործ արվում, որը, որպես իր իրավունք, իրացրել էր մեկնաբանություն գրողը: Նրանք առաջարկում են նախքան միջնորդի' ԶԼՄ-ի կողմից որոշում կայացնելը, ներգրավել նաև մեկնաբանություն գրողին»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը' հավելելով, որ վերջին մոդելով մեկ լրացուցիչ օղակ է առաջարկվում' դիմել մեկնաբանություն գրողին:
Անհայտ հեղինակի հետ կապված' Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 9-րդ կետը, ըստ որի, եթե վիրավորելիս և զրպարտելիս հղում չի կատարվել տեղեկատվության աղբյուրներին, կամ տեղեկատվության աղբյուրը հայտնի չէ, կամ լրատվական գործունեություն իրականացնողը, ելնելով աղբյուրը չբացահատելու իր իրավունքից, չի բացահայտում աղբյուրը, վիրավորանքի կամ զրպարտանքի փոխհատուցումը կրում է տեղեկությունը հրապակային ներկայացնողը, իսկ եթե այն տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի կողմից, ապա պատասխանատվությունը կրում է վերջինը: «Այս հոդվածը վերաբերում է նաև համացանցին, որտեղ ոչ մի փոփոխություն չի մտցվել: Այն դեպքում, երբ տեղեկատվության աղբյուրը հայտնի չէ, հայցվորը տեղեկատվությունը հրապարակային ներկայացնողի կամ լրատվական գործունեություն իրականացնողի դեմ կարող է դիմել դատարան միայն այն դեպքում, եթե ապացուցի, որ հնարավոր չի եղել հավաքել բավարար տվյալներ այդ վիրավորանքը տարածած անձի դեմ»,-ասաց պատգամավորը: