ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ընթացիկ տարվա փետրվարին ամփոփել է մի շարք ապրանքային շուկաների կառուցվածքի ուսումնասիրությունը եւ գնահատել դրանց կենտրոնացվածության աստիճանը:
ՏՄՊՊՀ-ից հայտնում են, որ համաձայն վիճակագրության, հաշվետու ժամանակաշրջանում մի շարք կարեւոր ապրանքային շուկաներում զգալիորեն ավելացել է տնտեսվարողների թվաքանակը, ինչի արդյունքում նվազել են գերիշխող տնտեսվարողների մասնաբաժինները:
Եվ այսպես. Ընթացիկ տարվա փետրվարի դրությամբ շաքարավազի շուկայի մասնակիցների թիվը կազմել է 75 տնտեսվարող, բանանի շուկայինը՝ 28, ալյուրինը՝ 171: Ցորենի ներկրմամբ զբաղվում է 84 տնտեսվարող: Ավելացել է նաեւ բենզինի ներկրմամբ զբաղվող տնտեսվարողների թիվը՝ դառնալով 6:
ՏՄՊՊՀ ուսումնասիրություններով, նոր տնտեսվարողների մուտքը հանգեցրել է տվյալ շուկայում խոշորների տեսակարար կշիռների նվազման: Օրինակ, շաքարավազի ներմուծմամբ զբաղվող «Ալեքս հոլդինգ» ընկերության տեսակարար կշիռը կազմում է 78 տոկոս՝ նախորդ տարիների 95-ի փոխարեն:
Նվազել է նաեւ բանանի շուկայում գերիշխող «Քեթրին գրուպ» ընկերության մասնաբաժինը՝ 57 տոկոսից դառնալով 30 տոկոս: Կենտրոնացվածության աստիճանի նվազում է արձանագրվել նաեւ բենզինի եւ դիզելային վառելիքի շուկաներում, որտեղ «Ֆլեշ» ընկերության մասնաբաժինը նվազել է բենզինի մասով՝ 43-ից հասնելով 29 տոկոսի, իսկ դիզվառելիքի մասով՝ 51-ից դառնալով 29 տոկոս:
Մեր երկրում մրցակցային իրավիճակի փոփոխությունը արձանագրվել է նաեւ միջազգային կառույցների կողմից: Մասնավորապես, Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հաշվարկվող շուկաների կենտրոնացվածության ցուցանիշով Հայաստանը բարելավել է իր դիրքը 9 կետով՝ 28-րդ հորիզոնականից առաջ գալով եւ հասնելով 19-ի, ինչը նշանակում է, որ այս ցուցանիշով մեր երկիրը գտնվում է աշխարհի առաջատար 20 երկրների շարքում: