SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 5-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Բերդի բաժին ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքի տներից մեկի ննջասենյակում՝ անկողնու մեջ, հայտնաբերվել է տղամարդու դի։

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 34-ամյա Սևան Նավասարդյանի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխի վրա կա մուրճի հարվածի 4 հետք։ Մինչ դատաբժիշկը դիակի զննություն կկատարեր, Տավուշի մարզի ոստիկանները՝ մարզի ոստիկանապետ Վահե Ղազարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Կամո Ցուցուլյանի և ոստիկանության Բերդի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գ. Դալլաքյանի և Բերդի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հ. Գարանյանի գլխավորությամբ հայտնաբերել են սպանության վայրից փախուստի դիմած կասկածյալին։

Նա Բերդ քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Նվեր Գինովյանն է, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

Կասկածյալը նախկինում սպանության համար դատապարտված է եղել, իսկ նրա եղբայրը դատապարտված է եղել բռնաբարության համար։

Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող մուրճը և, ըստ տեղեկությունների, մինչև մուրճով հարվածներ հասցնելը, Ն. Գինովյանը փայտով է հարվածել Ս. Նավասարդյանին։ Դրդապատճառը եղել է ծառերն էտելու հարցը։