Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների ներկա և նախկին պաշտպաններ Արտակ Բեգլարյանը և Ռուբեն Մելիքյանը մարտի 6-ին Եվրոպական խորհրդարանում մասնակցել են «Հայատյացություն. Պատմական և արդի դրսևորումները» խորագրով համաժողովին, որը կազմակերպվել է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի և Թուֆենկյան հիմնադրամի կողմից՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի աջակցությամբ:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Արտակ Բեգլարյանն իր ելույթում ներկայացրել է Ադրբեջանի կողմից տարվող հայատյացության քաղաքականության հատկապես ռազմական ուղղությունը՝ ընդգծելով, որ վերջին տասնամյակներում ամենացցուն կերպով այն դրսևորվել է 2016թ. ապրիլյան ռազմագործողությունների ժամանակ: Նա ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ զինվորական և քաղաքացիական անձանց նկատմամբ կատարված պատերազմական հանցագործություններն ու այլ վայրագությունները, ինչպես նաև արգելված զինատեսակների ու մեթոդների կիրառումը:
Պաշտպանը շեշտադրել է, որ մարդու իրավունքների արձանագրված զանգվածային ու կոպտագույն խախտումները մեծապես բխել են հենց հայատյացության տևական քաղաքականությունից ու գաղափարախոսությունից, որում ցանկացած հայի նվաստացնելն ու սպանելը խրախուսելի վարք է համարվում ադրբեջանական պետության կողմից: Դրա մասին են վկայում և՛ Ռամիլ Սաֆարովի փաստացի հերոսացումը, և՛ պատերազմական հանցագործություններ կատարած զինվորականների պարգևատրումները, և՛ պաշտոնական բազմաթիվ հայտարարություններ ու գործողություններ: Նա ընդգծել է նաև, որ հայատյացության պետական քաղաքականությունը ոչ միայն շարունակաբար խախտում և վտանգում է հատկապես արցախահայության մի շարք հիմնարար իրավունքներ, այլ նաև գործնականում անհնար է դարձնում հակամարտության կարգավորման գործընթացում որևէ էական առաջընթաց:
Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է Ադրբեջանի կրթական և տեղեկատվական ոլորտներում դրսևորվող հայատյացության օրինակներին՝ ցույց տալով դրանց համակարգային ու տևական բնույթը: Նա ուշադրություն է հրավիրել հատկապես այն հանգամանքի վրա, որ տեղեկատվական բնագավառը ներկայացնում է կարճաժամկետ տրամադրությունները, իսկ կրթական համակարգում առկա հայատյացությունը կանխորոշում է գալիք սերունդների հոգեկերտվածքը, ինչը նշանակում է, որ երկարաժամկետ միտումները դրական չեն:
Համաժողովին մասնակցում էին նաև թուրք իրավապաշտպան Ռագիփ Զարակոլուն, հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինը և լեհ հայագետ Յակուբ Օշիեցկին:
Արտակ Բեգլարյանի ներկայացմանը կարելի է ծանոթանալ այստեղ՝ pptx ձևաչափով, իսկ համաժողովի ուղիղ եթերը դիտել՝ այստեղ:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի՝ 2016թ. ապրիլյան ռազմագործողություններում արձանագրված իրավախախտումների մասին զեկույցին կարելի է ծանոթանալ` այստեղ, իսկ Ադրբեջանում հայատյացության քաղաքականության մասին զեկույցին՝ այստեղ: