Անտրամաբանական է խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի կարգավորման մասին, եթե բանակցություններին չի մասնակցում հենց հիմնական հակամարտող երկու կողմերից մեկը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով բանակցություններին Արցախի ներգրավման մասին հարցին:
«Համանախագահները շատ լավ հասկանում են, որ դա կարող է լինել կողմերի համաձայնությամբ: Բաքվի համար դա շատ ծանր քայլ է, և նա ամեն գնով ձգտելու է, որ դա չլինի: Այն պահից, երբ ԼՂ-ն որպես լիարժեք կողմ նստեց բանակցության սեղանի շուրջ՝ իրենց ամբողջ քարոզչակայն մեքենայի ձողը, մեխը քանդվում է: Սա է պատճառը որ Ադրբեջանը դիմադրում է: Ամեն դեպքում մենք էլ պետք է հետևողական լինենք, որ, այդ թվում միջազգային հանրության ջանքերով, դա պարտադրվի Ադրբեջանին: Անտրամաբանական է խոսել խնդրի կարգավորման մասին, եթե բանակցություններին չի մասնակցում հենց հիմնական հակամարտող երկու կողմերից մեկը: Իսկ հիմնական հակամարտող կողմերն Արցախն ու Ադրբեջանն են, Հայաստանը ներքաշված կողմ է»,- փաստեց փոխարտգործնախարարը: