Այսօր՝ մարտի 10-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացել, որ Ջրվեժ գյուղի 8-րդ փողոցի 14 տանը տղամադու դի կա:
Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են տանտիրոջ՝ 64-ամյա Մելքոն Չոլախյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, մարմնի վրա կան սուր կտրող-ծակող առարկայի բազմաթիվ հետքեր:
Կոտայքի բաժնի և ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները տաք հետքերով սպանություն կատարելու կասկածանքով հենց դեպքի վայրում՝ տանից դուրս գալիս, ոստիկանության Աբովյանի բաժին են բերման ենթարկել սպանվածի տղային՝ նույն հասցեի բնակիչ, 36-ամյա Գևորգ Չոլախյանին:
Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Կասկածյալը ձերբակալվել է:
Դիակի կողքին՝ վառարանում, ոստիկանները հայտնաբերել են 2 դանակ, որոնցից մեկը բռնակից կոտրված է և այդ ամենի վրա կան արնանման հետքեր: Քննիչը դանակները առգրավել է: Աղբյուրի հետ զրույցում հարևանները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Շոկի մեջ էինք, երբ լսեցինք, որ տղան սպանել է հորը: Համերաշխ ընտանիքն են եղել, թե ինչն է դրդել նման դաժան սպանության՝ չգիտենք: Սպանվածի մի տղան գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, սպանվածի կինն էլ բուժքույր է: Հաշտ, խաղաղ ընտանիք են եղել: Ցավում ենք, որ նման դեպք է տեղի ունեցել»: