ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին կից ստեղծվել է աշխատանքային խումբ, որը փնտրելու է Եվրասիական տնտեսական միության առաջնահերթությունների իրագործման ճանապարհին Հայաստանի համար հնարավոր խոչընդոտների լուծման տարբերակները:
Այս մասին մարտի 12-ին աշխատանքային խմբի անդրանիկ նիստի ընթացքում ասաց ՀՀ ԱԺ տարածաշրջանային ևեվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:
«Այսօր միասնական եվրասիական շուկան դեռ իրականություն չէ: Դրա մասին կան կնքված համաձայնագրեր, բայց առայժմ չլուծված հարցեր կան, որոնք ընդունում են նաև ԵԱՏՄ-ում: Խնդիրներ կան, որոնք պետք է հաղթահարենք: ԵԱՏՄ-ի բոլոր երկրներում միասնական սոցիալական միջավայր պետք է լինի: Այն, որ Հայաստանից արտագաղթում են ՌԴ, ասում, որ այնտեղ կենսաթոշակը բարձր է, կամաց-կամաց այս երկրներում իրավիճակը նույնանալու է: Մինչև 2023-24 թթ. համաձայնագրով նշված է, որ գնալու ենք միասնական սոցիալական մթնոլորտի ստեղծմանը, և պետք է տեսնենք՝ ինչ խոչընդոտներ ունենք այս հարցում»,- ասաց Մելքումյանը:
Հանձնաժողովի նախագահն անդրադարձավ նաև թվային տրանսֆորմացիայի ներդրման, միասնական ֆինանսական շուկայի ստեղծման, ԵԱՏՄ երկրների միջև ռոումինգի վերացման, եվրասիական բրենդի ու միասնական արդյունաբերական միջավայրի ստեղծման հարցերին: