Ժամը 17:50-ի սահմաններում, Toyota Camry մակնիշի 92 VD 092 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 25 կմ հատվածում, դեպի Երասխավան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու երկու ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց՝ 1-ը «Էրեբունի» բժշկական կենտրոն, 2-ը՝ Արտաշատի հիվանդանոց: 

Նշված հատվածում բազմաթիվ վթարներ են տեղի ունեցել, այդ թվում՝ ողբերգական, սակայն պատկան մարմինները ոչ մի միջոց չեն ձեռնարկում թերությունը վերացնելու ուղղությամբ: Մինչ վթարի վայրում ՃՈ ոստիկանները ծառայություն էին իրականացնում, մինչև հետաքննիչը կավարտեր դեպքի վայրի տեղազննությունը, նույն վայրում հերթական վթարը տեղի ունեցավ: Mitcubishi Colt-ը ջրափոսերի մեջ ընկնելու հետևանքով բախվեց երկաթե արգելապատնեշներին: Միակ սփոփանքը նա է, որ այս դեպքում զոհեր և վիրավորներ չկան:

Դեպքի վայրում քաղաքացիները ասում էին. «Վթարների մեղավորը որքան վարորդներն են, 10 անգամ ավելի ճանապարհը կառուցող ընկերության ղեկավարներն են, ովքեր շիլաշփոթ ճանապարհ են սարքել ու նրանց պատճառով միշտ վթարներ են տեղի ունենում:

Ուր է, թե հիմա էդ կաբինետային չինովնիկները, որ թողնես, թափանները լցնեն, էստեղ լինեին ու տեսնեին իրենց սարքած ճանապարհը ինչ փորձանքներ է բերում վարորդների գլխին: Հույս ունենանք, որ գոնե այս վթարից հետո էդ մարդիկ ուղեղներին զարկ կտան, նստատեղերը դուրս կբերեն իրենց տաքուկ կաբինետների բազկաթոռներից ու վերջապես ճանապարհի թերությունները կվերացնեն»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: