Ըստ «Փաստինֆո»-ի՝ «Պանտերա» գիշերային ակումբում Վանաձորի 26-ամյա երիտասարդի` էդմոն Սանթրոսյանի պանության մեջ մեղադրվում է նրա ընկերը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Վանաձորի բնակիչ Սանթրոսյանը մահացել է Սպիտակի «Պանտերա» գիշերային ակումբում` կտրող-ծակող առարկայով պատճառված վնասվածքի հետեւանքով: Վերջինս ակումբ էր գնացել ընկերոջ հետ, որտեղ եղել են նաեւ այլ այցելուներ, նրանց թվում` Վանաձորի այլ բնակիչներ:
Նախաքննության վարկածի համաձայն` նրանցից մեկին տուժածի ընկերը հեգնել է մաշկային ցանի պատճառով, առաջացել է վիճաբանություն, հնչել հայհոյանքներ: Վիճաբանությունը շարունակվել է նախասրահում, վերածվել քաշքշուկի, որի ընթացքում երիտասարդը, ում մինչ այդ հեգնել էին, մահակով հարվածել է հեգնողի գլխին, իսկ վերջինս հանել է դանակը ու սկսել անկանոն շարժումներ անել: Արդյունքում դանակահարել է ընկերոջը` Սանթրոսյանին, ում հետ եկել էր ակումբ:
Ըստ «Փաստինֆո»-ի` տուժածը վնասվածքն ստացել է որովայնի շրջանում, երբ փորձել է հանդարտեցնել կողմերին: Վնասվածքի հետեւանքով սկսվել է ներքին սուր արյունահոսություն, հեմոպերիտոնեում, հետորովայնամզային տարածության արյունակույտ, ներքին օրգանների սուր սակավարունություն, որոնց հետևանքով մի քանի րոպեի ընթացքում մահացել է:
Տուժողի ընկերոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է ու գործն ուղարկվել դատարան: