ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արտակ Նահապետյանըմարտի 18-ին այցելել է ԱԻՆ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության տեխնիկայի և սարքավորումների վերանորոգման բազա՝ ծանոթանալու գերատեսչությանը հատկացված գույք-սարքավորումների նոր խմբաքանակին:
Ինչպես տեղեկացրին նախարարության մամուլի ծառայությունից, գույքի խմբաքանակը ներառում է հրդեհաշիջման համար նախատեսված տարատեսակ արդիական միջոցներ՝ ուսապարկ-պոմպեր, ջրի ծալովի բաքեր, բարձր ճնշման պոմպեր, բահեր, օդի զտման դիմակներ, հրշեջ-փրկարարի հանդերձանք, լապտերներ, առաջին բուժօգնության տուփեր, կացին-քլունգներ, շղթայավոր սղոցներ և այլն: Վերոնշյալ գույք-սարքավորումները կտրամադրվեն ԱԻՆ ՓԾ Արագածոտնի, Արարատի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներին և փրկարար ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնին:
Հայաստանին տեխնիկական այս աջակցությունը հատկացվել է Ռուսաստան-ՄԱԶԾ (ՄԱԿ-ի զարգացման ծրագիր/UNDP) զարգացման թրասթային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմում Հայաստանում անտառային հրդեհների կառավարման կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում:
Ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանի՝ անտառային հրդեհների մարման կարողությունները: Նահապետյանի խոսքով՝ տրամադրված աջակցությունը պետք է ծառայի վերոնշյալ ոլորտում պետության հնարավորությունների զարգացմանը:
Փրկարար ծառայության տնօրենը նշեց, որ պետք է անել հնարավոր ամեն բան գույքի օպտիմալ և նպատակային օգտագործման համար: