Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգում բնակվող կոալաների կեսից ավելին զոհվել Է այստեղ մոլեգնող անտառային հրդեհների հետեւանքով: Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կոալաների պոպուլյացիայի պահպանության ավստրալական կազմակերպության տվյալները:
Ինչպես հայտում Է գործակալությունը, Koala Conservation Australia կազմակերպության գնահատմամբ, անտառային հրդեհների զոհ Է դարձել մոտավորապես 350 կոալա, ընդ որում՝ այդ կենդանիների ընդհանուր թվաքանակն արգելոցում կազմում Է 500-ից մինչեւ 600:
Փրկված կենդանիներին օգնություն են ցուցաբերում արգելոցից ոչ հեռու գտնվող կոալաների համար բուժական հաստատությունում: Նշվում Է, որ վիրակապ են դնում կոալաների վերքերին, ինչպես նաեւ նրանց կերակրում են Էվկալիպտի տերեւներով ու խառնուրդով: Բուժական հաստատության աշխատակիցները հայտնել են, որ անտառային հրդեհների հետեւանքով կոալաներին հասցված վնասն ամբողջությամբ գնահատելու համար կպահանջվի եւս առնվազն տասն օր:
«Նոր Հարավային Ուելսում կոալաները որոշակիորեն գտնվում են աղետի մեջ, բայց եթե (կոալաների պոպուլյացիայի) նվազումը շարունակվի այն նույն տեմպերով, որոնք դիտվում են վերջին 20-30 տարիներին, կոալաները կարող են դարի կեսերին ոչնչանալ վայրի բնության մեջ»,- ընդգծել Է Ջեյմս Թրեմեյնը՝ Նոր Հարավային Ուելսի նահանգի բնության պահպանության խորհրդի ներկայացուցիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: