ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը խիստ նկատողություն է հայտարարել ««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Խաչատրյանին՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար: Հրամանի համար հիմք են դարձել կենտրոնում ՄԻՊ գրասենյակի իրականացրած մշտադիտարկման այցի արդյունքներով արձանագրված թերություններն ու խախտումները, ինչպես նաև նախարարի հրամանով ձևավորված աշխատանքային խմբի եզրակացությունը:

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում տնօրեն Սամվել Խաչատրյանն ասաց, որ ընդունում է նկատողություններն, ու նախարարության կողմից մատնանշված թերությունները արդեն  շտկվել են, սակայն կան թերություններ, օրինակ, շինարարական թերությունները, որոնք շտկելը, տնօրենի խոսքով՝ իր ուժերից վեր են. «Մի մեծ տուն է. թերություններ լինում են՝ շտկում ենք: Բայց, օրինակ, շինարարական թերություններ կան՝ սենյակները, որտեղ 4 հոգանոց սենյակում ապրում են 5 բնակիչ, պետք է վերակառուցվի, այսինքն պետք է գումար տրամադրվի դրա համար»,- ասաց Խաչատրյանը:Մանրամասնելով, թե ինչ թերությունների և բացթողումների մասին է խոսքը, վերջինս նկատեց, որ մատնանշված որոշ նկատողությունների հետ համաձայն է, որոշների հետ՝ ոչ: 

«Օրինակ՝ սանրերն ու ատամի խոզանակները սանիտարական նորմերում իրենց տեղում դրված չէին, պետք է գտնվեր սանհանգույցում, գտնվել է բուժքույրի կաբինետում: Նպատակն այն է, որ իրենք ինքնուրույն իրականացնելու հնարավորություն չունեն: Դա այլ կերպ չի կարող լինել, դա պետք է լինի բուժաշխատողի մոտ, որ առավոտյան նրանց տանի սանհանգույց: Նման հակասող բաներ կան: Գրում են, որ անալիզների տեսակներ կան, որ չենք անցկացրել  բնակիչների հետ, բայց դա վերաբերվում է ոչ թե մեզ, այլ այն պոլիկլինիկային, որտեղ մենք հաշվառման մեջ ենք գտնվում, բայց գրելուց հետո՝ մենք խնդրելով, համոզելով, դրանք էլ ենք արել: Կամ, զսպման միջոցների մասին գրված է խախտում: Հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող անձանց մոտ, որ ագրեսիա է դրսևորվում, պետք է զսպման միջոցներ իրականացվի՝ մեխանիկական և բժշկական: Ասում են՝ մեզ մոտ չկա կանոնակարգ՝ ոնց պետք է անենք, բայց զսպման միջոցները մենք չենք իրականացնում, եթե տեսնում ենք խնամք ունեցող անձի մոտ խնդիրներ կան, հրավիրում ենք շտապօգնություն, և եթե անհրաժեշտություն է լինում՝ տեղափոխում ենք հոգեբուժական հաստատություն: Մենք սա ասել ենք, իհարկե, սակայն հակասող բաները չի քննարկվել: Դա եղել է միակողմանի, որը մենք պետք է բարձրաձայնենք»,- ասաց Խաչատրյանը և հավելեց, որ Առողջապահության նախարարության կողմից հրամաններ կան, որոնք իրենց չեն վերաբերվում:

Խաչատրյանը նաև հայտնեց, որ նամակ է գրել Զարուհի Բաթոյանին և խնդրել Սոցապնախարարության ՊՈԱԿ-ների համար նման հրամանները տեղայնացնել, քննարկել, և դրանք խնամք իրականացնող կազմակերպություններին հարիր լինելու դեպքում միայն ընդունել: Խաչատրյանը նաև առաջարկում է նման թեթև կազմակերպությունների վրա այլ չափորոշիչներ դնել, որ հրամանները հնարավոր լինի կատարել. «Աշխատողը թերություն կունենա, նկատողություն կստանա բայց բաներ կան, որ պետք է թացը չորի հետ չխառնել: Ուսումնասիրություններ պետք է կատարվի մարդկային ձևով: Ակտի մեջ գրել են, որ տակդիրներից որոշները չունեն տեխբնութագիր, բայց այսօր տակդիրների տեխբնութագիրը դրա վրա նշված կաթիլներով է որոշվում, սա նաև տակդիրներ մատակարարող կազմակերպությունն է ասում: Ես մատակարարի պատասխանն ուղարկեցի հանձնաժողովին, սակայն ակտի մեջ նորից գրեցին»,- նկատեց Խաչատրյանը:

Վերջինս ամփոփելով, հայտնեց, որ պարտաստվում է հանդիպել Զորուհի Բաթոյանին և ասել, որ նախարարության հանձնաժողովը ճիշտ չի աշխատում. «Ասելու եմ՝ եթե մեզ  Ձեզ մոտ է սխալ ներկայացրել, վաղն էլ ուրիշի աշխատանքը սխալ կներկայացնի: Թող նա զգուշավոր լինի, որպեսզի մարդկանց անիմաստ տեղը չմեղադրեն»:

Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ