«Առավոտն» իր խմբագրականում գրում է.
«Երեկ մի տեղ կարդացի, որ Նուրսուլթան Նազարբաեւը հրաժարական տվեց Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության ազդեցության տակ: Այսպես ասած՝ չդիմացավ բարոյական ճնշմանը: Այդ վարկածի հեղինակը, բնականաբար, մեր հայրենակիցն էր, որն այն թյուր կարծիքն ունի, թե Հայաստանը տիեզերքի կենտրոնն է, եւ մեր երկրում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն ցնցում է ամբողջ աշխարհը: Ցավոք, դա այդպես չէ, եւ անգամ ԱՊՀ տարածքում մեր ազդեցությունը սահմանափակ է այնքանով, որքանով փոքր է մեր տնտեսությունը եւ մեր շուկան: Ադրբեջանի վրա մեր հեղափոխությունը որոշ չափով ազդել է, քանի որ Ալիեւը կցանկանար եվրոպացիներից եւ ամերիկացիներից լսել դրվատանքի նույն խոսքերը, որոնք այժմ հնչում են մեր հասցեին, եւ արդյունքում շահեցին ադրբեջանցի մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ, որոնց այդ երկրի նախագահը ներում շնորհեց:
Կենտրոնական Ասիայի պետությունները մեզ հետ «տալիք-առնելիք» առանձնապես չունեն եւ, ի դեպ, արեւմտյան դրվատանքն էլ նրանց առանձնապես պետք չէ: Ասում են նաեւ, որ Նազարբաեւը բոլորովին էլ չի գնացել եւ շարունակելու է երկիրը ղեկավարել ստվերից, ու դրա անուղղակի ապացույցն այն է, որ նախագահի պարտականությունները ստանձնած Կասիմ-ժոմարտ Տոկաեւը հենց երդմնակալության ժամանակ նշել է, որ Նազարբաեւը ինչպես եղել է ղազախ ժողովրդի հայր, այդպես էլ կմնա, նրա նկարները կզարդարեն բոլոր հիմնարկները: Տոկաեւը նաեւ առաջարկել է Աստանան վերանվանել Նուրսուլթան: Բայց անկախ նրանից, թե իշխանության որ մասն է իր ձեռքում պահելու Նազարբաեւը, քաղաքական ռեժիմը եւ հասարակական մթնոլորտը չեն փոխվի՝ Ղազախստանը կմնա կոշտ ավտորիտար ռեժիմով երկիր, որտեղ ընտրությունները զուտ խորհրդանշական բնույթ են կրում եւ արտացոլում են նեղ վերնախավային պայմանավորվածությունները: Այդ ամենը խորթ է մեր քաղաքական մշակույթին, եւ հենց դա է պատճառը, որ մենք՝ հայաստանցիներս, ընդվզում ենք պաշտոնյաների սենյակներում կախված «առաջնորդի» դիմանկարների, առաջին դեմքի՝ պաշտոնում անվերջ մնալու ձգտումների դեմ, որը դրսեւորվել էր մինչեւ հեղափոխությունը, կամ անձի պաշտամունքի տարրերի, որոնք ի հայտ են գալիս հիմա: Բայց Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի, Կենտրոնական Ասիայի երկրների համար դա միանգամայն օրգանական երեւույթ է, այդպես է «ծրագրավորված» մարդկանց ուղեղները: Եվ դա ոչ լավ է, ոչ էլ վատ՝ պարզապես մեզնից տարբերվող մշակույթ է, ոչ մի քննադատելու կամ, առավել եւս, ծաղրելու նյութ այստեղ չկա: Պետք է շարունակել զարգացնել բարեկամական հարաբերություններն այդ երկրների հետ՝ ելնելով մեր շահերից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում