2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո սովորական մարդկանց կյանքում ֆինանսական առումով, մեծ հաշվով, շեշտակի փոփոխություններ տեղի չեն ունեցել: Բայց կան «ոչ սովորական» անձինք, որոնց ֆինանսական հոսքերը հեղափոխությունից հետո շեշտակի փոխվել են, նրանք սկսել են մեծ գումարներ աշխատել, եւ եթե ամեն ինչ այսպես մնաց' այդ անձանց քսակը միայն ավելի ու ավելի է լցվելու: Իսկ ովքե՞ր են այդ «հատուկ» մարդիկ:
Շարունակում ենք ընթերցողի դատին ներկայացնել, թե ում կյանքն է շեշտակի բարելավվել 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո: Եվ, այսպես, հաջորդ պաշտոնյան, ում կյանքում կտրուկ բարելավում է գրանցվել, դա Լենա Նազարյանն է:
2017-ին Նազարյանը հայտարարագրել էր ընդամենը 1 միլիոն դրամի եկամուտ:
2019-ը թվականի հայտարարագիրը արդեն իսկ արտացոլում էր Լենա Նազարյանի կյանքում առկա փոփոխությունները: Նա հայտարարագրել էր 6,537,640.00 ՀՀ դրամի համաչափ եկամուտ:
2020-ի հայտարարագիրը վկայում է այն մասին, որ հեղափոխությունը Լենա Նազարյանի վրա լավ է անդրադարձել: Նա հայտարարագրել է երկու բնակարան, մեկն' Առինջում, մյուսը' Նորք-Մարաշ վարչական շրջանում: Բացի այդ վերջինս հայտարարագրել է նաև 12,437,850.00 ՀՀ դրամի եկամուտ, բանկային հաշվի մնացորդն էլ կազմել է 1,000,000.00 ՀՀ դրամ: