ԼՈւՐԵՐ․com—ը Ազգային ժողովի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի հետ զրուցել է հայ-վրացական հարաբերությունների, Վրաստանի նախագահի` Բաքու կատարած այցի ժամանակ տարածքային ամբողջականության մասին արված կտրուկ հայտարարությունների և ջավախահայերի խնդիրների մասին։
-Պարո՛ն Թորոսյան, այս պահին ինչպե՞ս եք գնահատում հայ-վրացական հարաբերությունները։
-Ես լավատեսորեն եմ տրամադրված և հույս ունեմ, որ այն նոր մոտեցումները, որոնք փորձում ենք ներդնել հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացման գործում, իրենց արդյունքները տալու են։ Նկատի ունեմ՝ այն, որ խոսվում է փոխադարձ ինքնության, հարգանքի վրա խարսխված աշխարհաքաղաքական գործոններից հնարավորինս զերծ պահելով երկկողմանի փոխշահավետ հարաբերություններ կառուցել և համատեղ դիմագրավել ընդհանրական տարածաշրջանային մարտահրավերներին։ Այդ ուղղությամբ այսօր և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի կողմից նկատվում է պատրաստակամություն։
-Ի՞նչ եք կարծում, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը ազդեցություն ունեցե՞լ է երկու երկրների միջև հարաբերություններում նոր փուլ թևակոխելու հարցում։
Այդ մոտեցումները ամրագրվեցին հենց հեղափոխությունից հետո։ Այժմ տեսնում եմ՝ նոր մոտեցումների ամրագրումը և դրանց վերաբերյալ երկկողմ համաձայնությունը, պատրաստակամությունը՝ նորովի կառուցել հարաբերությունները և նորովի զարգացնել դրանք։ Բայց դեռևս պրակտիկ արդյունավետությունը քիչ տեսանելի է և հույս ունենք, որ առաջիկայում ավելի լուրջ արդյունքներ կարձանագրենք։
-Գրեթե մեկ ամիս առաջ՝ Բաքու կատարած այցի ժամանակ, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոշտ և կտրուկ հայտարարություններ էր արել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և տարածքների «օկուպացիայի» մասին: Սա աննախադեպ քայլ էր Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից:
-Դրան ի պատասխան մենք նույն կերպ արձագանքեցինք։ Նման հայտարարությունները ամենևին չեն նպաստում հարաբերությունների զարգացմանը։ Իհարկե, Վրաստանի նախագահի հայաստանյան այցի ընթացքում շտկվեցին այդ հայտարարությունների սուր ծայրերը և Հայաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ բոլորովին այլ համատեքստում հնչեց կոնկրետ Արցախի խնդրի վերաբերյալ ձևակերպումները և վերստին գնացին այն ձևակերպումներին, որոնք ամրապնդվել են երկկողմ հարաբերություններում, դրանք միմյանց շահերը չոտնահարող և միմյանց ցավոտ կողմերը չտորորող մոտեցումներն են։ Մյուս կողմից, Վրաստանի նախագահը արարաողակարգային լիազորություններ ունի, Վրաստանը ևս պառլամենտական հանրապետություն է և նա արտաքին քաղաքականության և մյուս ոլորտներում իրական իշխանություն և ազդեցություն չունի, այս առումով ևս մենք շատ ցավոտ չընդունեցինք, չնայած կոշտ արձագանքեցինք։ Հուսանք, որ այլևս նման ձևակերպումներ չեն հնչի։
- Արդյո՞ք Վրաստանի նախագահի արած հայտարարությունները չեն ազդի երկկողմ հարաբերությունների վրա։
-Կարող էր ազդել, եթե այցի ընթացքում չշտկվեին, և նա չհամաձայնվեր, որ Արցախյան հակամարտությունը այլ հարթություն է և չի նույնանում Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունների հետ, ինչի լուծման գործում առաջնային է ազգերի ինքնորոշման իրավունքը։
-Ինչպիսի՞ն է վրացական իշխանությունների վերաբերմունքը ջավախահայերի նկատմամբ։ Արդյո՞ք փոխվել է իշխանությունների քաղաքականությունը։
-Հայ-վրացական հարաբերությունների հետագա ջերմացումն ու խորացումը և փոխշահավետ համագործակցության ընդլայնումը բերելու է նաև ջավախահայերի խնդիրների լուծմանը, և մենք դրանց լուծումը պետք է դիտարկենք երկու կողմից․ մի կողմից պետք է խնդիրները լուծվեն, որ հարաբերությունները ջերմանան, մյուս կողմից՝ դրանց զուգընթաց աստիճանաբար պետք է նվազի վրացահայության խնդիրները, որի պարագայում միայն սկզբունքային փոխհարաբերությունների մասին կարող ենք խոսել։
Սոնա Հարությունյան