ՀՀ ԳԱԱ-ի Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը տեղի ունեցավ  մարտի 25-ին: Ինչպես հայտնեցին ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից, Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկս Յուրի Սուվարյանը ներկայացրեց բաժանմունքի 2018թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները:

Բաժանմունքի կազմում ընդգրկված են` Պատմության, Մ.Քոթանյանի անվան տնտեսա­գի­­­տության, Փիլի­սոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի, Հրաչյա Աճառյանի անվան լեզվի, Մանուկ Աբեղ­­յանի անվան գրականության, Արևելագիտության, Հնագիտության և ազգա­գրության, Ար­­­­­վես­տի ինստի­տուտները, Շիրա­կի հա­յա­գի­տա­կան հետազոտությունների կենտրոնը, «Հայկա­կան հանրագիտարան» հրատարակչությունը: Բաժանմուն­քի կազմում գործում է Հայագիտական ուսումնասի­րությունները ֆինանսա­վորող համահայ­կական հիմնադրամը:

Բաժանմունքի կազմում ընդգրկված են ՀՀ ԳԱԱ 7 ակադեմիկոս և 17 թղթակից անդամ:

ՀՀ ԳԱԱ և արտաակադեմիական հրատարակչությունների միջոցով հրատարակել է 128 գիրք, որից 7-ը` արտասահմանում, 17 ուսումնական ձեռնարկ, 1031 հոդված, որից 369-ը` արտասահմանում:

2018 թ. հրատարակվել են «Պատմաբանասիրական հանդեսի», «Բանբեր հայագիտության» և «Լրաբեր հասարակական գիտությունների» հանդեսների 3-ական համարներ, թողարկվել է «Հիմնարար հայագիտություն» էլեկտրոնային անգլերեն հանդեսի 2 համար:

Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հրատարակել է «Լեզու և լեզվաբնություն» հանդեսի 2 համար, Արևելագիտության ինստիտուտը հրատարակել է «Ժամանակակից Եվրասիա» պարբերականի 2 համար /մեկը` անգլերեն/, Արվեստի ինստիտուտը հրատարակել է «Կանթեղ. Գիտական աշխատություններ»-ի 3 համար: Տպագրվել է «Հանրագիտական բառարանի» 2-րդ հատորը:

Բաժանմունքի հիմնարկները կազմակերպել են 33 հանրապետական և 12 միջազգային գիտական միջոցառումներ:

Բաժանմունքի կարևորագույն արդյունքներն են`

Պատմագիտություն.

Հրատարակվել է «Հայոց պատմություն» ակադեմիական բազմահատորյակի երկրորդ հատորի առաջին գիրքը, որն ընդգրկում է վաղ միջնադարի` IV դ. սկզբից մինչև IX դ. կեսն ընկած ժամանակահատվածը:

«Հայոց պետականության հիմնախնդիրները հնագույն ժամանակներից մինչև 1918 թ.» թեմայի շրջանակներում (ղեկ.` ակ. Ա.Մելքոնյան) լուսաբանված են Վասպուրականի հայկական պետության քաղաքական և սոցիալ-տնտեսական տարբեր ասպեկտները, մշակվել են այդ ավատական տարածաշրջանի զարգացման առանձ­նահատկությունները։

Աղբյուրագիտական լայն հենքի վրա և Անդրկովկասի 1917 թ. հետհոկտեմ­բերյան քաղաքական իրադարձությունների համատեքստում լուսաբանվել է 1918 թ. Բաքվի մարտյան գոյապայքարի և հարակից հիմնահարցերի պատմությունը:

«Թուրքիայի, Իրանի, Կովկասի և Մաշրիքի արաբական երկրների քաղաքա­կան, սո­ցիա­լական, մշակութային և էթնիկական պատմության հիմնախնդիրները և Հայաստանը» ծրագրի շրջանակ­ներում (ղեկ.` ակ. Ռ.Սաֆրաստյան) առաջ է քաշվել և մենագրական հետազոտության միջոցով հիմնավորվել է հայեցակարգային մի նոր մոտեցում, համաձայն որի` 2011 թ-ից Արաբական երկրներում տեղի ունեցող «Արաբական գարուն» անվանվող զանգվածային ընդվզումների շարժումը հանդիսանում է ժամանակակից աշխարհում քաղաքական և տնտեսական կյանքի արդիականացման փորձի օրինակ:

Լեռնագոգ 1 նորահայտ հնավայրի  պեղումներով և նյութերի ուսումնասիրությամբ բացահայտվել և ուսումնասիրվել է մ.թ.ա. VIII-VII հազ. ժամանակագրվող, վաղ հոլոցենի` նոր քարի դարի նախակերամիկական փուլի (PPNB/C) մշակույթը ներ­կայացնող  հնագույն բնակատեղի (ղեկ.` Ա. Պետրոսյան, Մ. Արիմուրա):

«Շիրակի հնագիտական և պատ­մազ­գա­գրական ուսումնա­սի­րու­թյուն­ներ-2» ծրա­գրի շրջա­նակ­­­ներում ­(ղեկ.` բ.գ.դ. Ս.Հայրա­պետ­յան) Մեծ Սեպասարի պեղա­վայրի ընդարձակման արդյունքով հայտնաբերվել են վաղ բրոնզի ժամանակա­շրջանին վերաբերող 3 կից կացարաններ:

 Բանասիրություն.

«Ընդհանուր ու համեմատական  և կիրառական լեզվաբանության հարցեր» թեմայի շրջանակներում (ղեկ.` բ.գ.դ. Վ.Համբարձումյան) քննության են ենթարկվել լեզվի և մշակույթի, լեզվի և կրոնի փոխ­հա­­րա­­բերու­թյունները, լեզուների պատմության մեջ հան­րային և հոգեբանական գործոն­նե­րի դերը: Նյութեր են պատրաստվել հայե­րենի պատ­մական բառա­րանի համար, պատ­րաստ է ստուգաբանական բառա­րանի առաջին պրակը: 
         «Հայոց լեզվի պատմական զարգացման հարցեր» թեմայի շրջանակներում (ղեկ.` բ.գ.թ. Գ.Մխիթարյան) հայերենի բնիկ բառապաշարի բառիմաստային կամ թեմատիկ խմբերի քննությամբ ձեռք են բերվել նոր տվյալներ: 
         «Հայ բարբառների ուսումնասիրություն» թեմայի շրջանակներում (ղեկ.` բ.գ.դ. Վ.Կատվալյան)  ձևավորվել են Գեղարքունիքի մարզում գործածվող Մշո, Բայազետի, Դիադինի բար­բառ­­ների, Գանձակի միջբարբառի, Մակուի և Արծափի խոս­վածքների ընդհանուր նկա­րագրերը, ստաց­վել են մարզի 52 բնակավայրերի բար­բառային բնութագրերը:
        ‹‹Հայ գրականության պատմություն›› թեմայի շրջանակներում (ղեկ. ՝ բ.գ.դ. Վ.Դևրիկյան) մշակվել են «V-XVII դդ. հայկական աղբյուրները եվրոպական երկրների մասին» մատենաշարի կազմման սկզբունքները: Հրատարակության է պատրաստվել Իսպանիային և Պորտուգալիային նվիրված առաջին հատորը: 
          Գրականության տեսության բնագավառում մշակվել են V դ. հայ պատմագրության թարգմանական մի շարք սկզբունքներ:

 Տնտեսագիտություն.

«Ստվերային շրջանառությունների բացահայտման և հարկերը թաքցնելու հնարավորությունների սահմանափակման ուղիները ՀՀ-ում» թեմայի շրջանակներում (ղեկ.` ԳԱԱ թղթ. անդ. Վ.Հարությունյան) ներկայացվել է հարկային վարչարարության նոր մեխանիզմների և նոր կիրարկվող հարկային օրենսդրության ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների հավաքագրման, ստվերի, կոռուպցիոն ռիսկերի կրճատման վրա:

 Փիլիսոփայություն, սոցիոլոգիա, քաղաքագիտություն, իրավագիտություն.

 «Հայ իրականության պատմա­փիլիսո­փայական, սոցիալ-քաղաքական և իրավագիտական ուսումնասիրութ­յուններ» թե­մա­յի շրջանակնե­րում (ղեկ.` ակ. Գ.Պո­ղոսյան) իրականացվել են գիտահետազոտական և գործնական աշխատանքներ` նվիրված ՀՀ-ում պառլամենտական կառավարման համակարգին անցման պայմաններում տիրող սոցիալ-իրավական, քաղաքական, միգրացիոն գործընթացներին, ինչպես նաև հայկական թավշյա  հեղափոխության արդյունքների վերլուծու­թյանը։ 
          Առաջին անգամ, որպես ամբողջական դիսկուրս, ուսումնասիրվել են Հարավ­կովկասյան պետություններում կոնսոցիատիվ ժողովրդավարության ներդրման հնարավորությունները։

 Արվեստագիտություն.

«Հայ արվեստի համալիր ուսումնասիրություն» ծրագրի շրջանակ­նե­րում (ղեկ.` ԳԱԱ թղթ. անդ. Ա.Աղասյան) հայրենական արվեստագիտության մեջ առաջին անգամ իրականացվել է Օս­մանյան կայսրության տարածքում համիդյան ջար­դե­րից մինչև մեր օրերը ընկած ժամանակահատվածում հայ կերպարվեստի և կիրառական արվեստի կորուստ­ների վերաբերյալ համակողմանի ուսումնասիրությունը: Լույս է ընծայվել Ա.Աղասյանի «Հայ կերպարվեստի և կիրառական արվեստի կորուստ­ներն Օս­մանյան կայսրության տարածքում (համիդյան ջար­դե­րից մինչև մեր օրերը)» մենագրությունը:
           Լույս է տեսել Ն.Քոթանջյանի «Վաղմիջնադարյան Հայաստանի (IV-VII դարերի) մոնումենտալ նկարչությունը» վերտառությամբ աշխատությունը:

Ժողովի ընթացքում  ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝

  • «ՀՀ արտաքին քաղաքականության արևելյան ուղղությունը և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը», զեկուցող՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռ. Սաֆրաստյան
  • «Թումանյանագիտությունը միջգիտակարգային ուսումնասիրությունների համատեքստում», զեկուցող՝ բ.գ.դ. Վ Դևրիկյան
  • «Կոմիտասը հայ կերպարվեստում», զեկուցող`ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա. Աղասյան: